Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ Սպլիտում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցեց ուժերի որոշ խնայողությամբ, քանի որ չէր ցանկանում ռիսկի դիմել Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո.
«Ծանր վնասվածքից հետո ես ինձ լավ եմ զգում: Չէի պատկերացնում, որ տեւական դադարից հետո կկարողանամ բարձր մակարդակով հանդես գալ: Ներքին անհանգստություն կար, բայց ամեն ինչ անցավ: Աշխարհի առաջնությանը ֆիզիկական լավ պատրաստվածություն ձեռք կբերեմ: Դեռ պարզ չէ` որ քաշային կարգում հանդես կգամ` 85, թե 77, ինչպես նախկինում: Կորոշենք:
Սպլիտում իմ արդյունքը համեստ էր, բայց ես մի քիչ ցածր քաշերի մոտեցա: Երկու վարժություններում էլ ինձ լավ էի զգում, բայց մարզիչների հետ որոշել էինք ռիսկի չդիմել: Կարեւորն այն է, որ վերադարձել եմ եւ պատրաստ եմ ավելի բարձր արդյունքների»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը: