ԾԱՆՐ է ՆԱԵՎ 48 ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ԿՇԻՌԸ

11:37 - 04 Օգո, 2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստին հրաժեշտ տվեցին մինչև 20 տարեկան և մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնության մասնակիցները:

Երկամարտի գումարով մեր պատվիրակները նվաճեցին հինգ ոսկե և վեցական արծաթե և բրոնզե մեդալներ: Ընդհանրապես առանձին վարժությունների և երկամարտի հաշվարկով Հայաստանի ծանրորդները տուն վերադարձան . . .  48 մեդալով:  Հետաքրքիր է, թե որքան է այդ մեդալների իրական կշիռը . . .

Մինչև 23 տարեկանների  երկամարտում ոսկե մեդալների են  արժանացել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ): Նրանց թիմակիցներ  Կարեն Մարգարյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) և Մերի Թումասյանը (+87 կգ) դարձել են արծաթե մեդալակիր:

20 տարեկանների պայքարում հաղթողի պատվին են  արժանացել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87) Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: 

Այս պարագայում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Թերևս պարզ է այն, որ մեր ազգային հավաքականը համալրվում է շնորհաշատ ծանրորդներով:

Այլ նորություններ