Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է եւ ինքը կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն:
«Հաղթանակներից ես չեմ հագեցել եւ մինչեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է: Նախկին կանոններով ըմբշամարտն ավելի դիտարժան էր, բայց ինչ կանոններ էլ ընդունեն, մենք պետք է ոսկու համար պայքարենք:
Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի համար: Շնորհավորում եմ ընկերոջս եւ հետագա հաջողություններ մաղթում: Իր տարիների աշխատանքով նա արժանի էր չեմպիոնական տիտղոսին: Ինչ վերաբերում է վրացի ըմբիշի հետ գոտեմարտին, գորգի վրա ամեն ինչ ասվեց: Ժամանակ քիչ էր մնում, բայց ես վստահ էի, որ կվերցնեմ որոշիչ միավորները»:
Աշխարհի չեմպիոնը խոսեց նաեւ երկրպագուների ցուցաբերած հրաշալի աջակցության մասին.
«Տրիբունայում ներկա գտնվողներից երեւի կեսը հայեր էին: Նրանք ամբողջ հոգով երկրպագում էին մեզ եւ դա շատ էր ոգեշնչում»,-ասաց Արթուր Ալեքսանյանը: