Սպորտում միշտ կարևորվել է բժշկի դերը: Մարզիկի առողջությունը և հաջողությունը շատ բանով առնչվում է բժշկի աշխատանքի հետ: Անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում , բուժում, դեղամիջոցի օգտագործում, մարզական ռեժիմ, դիետա և այլն:
Սպորտում ամենաքիչը բժշկի աշխատանքն է երևում: Նույնիսկ թիմային շռնդալից հաջողություններում նրա անունը հազվադեպ է նշվում:
Ուրիշ է, երբ թիմը կամ մարզիկը ձախողվում է, որին հաջորդում է վերլուծությունը: Այս պարագայում բանախոսները հիշում են Հիպոկրատի երդում տված մասնագետներին:
Այս ամենի մասին լավ գիտե Հայաստանի ծանրամարտի հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտելուց հետո, 2004 –ին ընդունվեց և ավարտեց նաև նշած բուհում այն ժամանակ ստեղծված մարզական բժշկության երկամյա օրդինատուրան:
Շնորհալի երիտասարդը մանկուց է սիրել սպորտը: Բակի երեխաների հետ մասնակցել է բոլոր խաղերին, զբաղվել է բազմաթիվ մարզաձևերով: Բայց հաջողության չի հասել:
Պատահականորեն հայտնվեց ծանրամարտում և արդեն 15 տարի հերկուլեսների առողջության մասին է հոգում: Նրանց հավատարիմ թիմակիցն է ուսումնամարզական հավաքներում և տարբեր նշանակության մրցաշարերում: Հրաշալի գիտե յուրաքանչյուր ծանրորդի առողջական վիճակը, ֆիզիկական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նախասիրած սննդատեսակը և մարզական այլ որակներ:
Չի մերժում իրեն դիմող որևէ մարզիկի, ընդառաջում է նրանց, բայց ՝ կատարում է միայն անհրաժեշտը և օգտակարը:
Համավարակի անցանկալի մուտքը երկիր չխաթարեց ծանրորդների աշխատանքը: Մարզիչների հետ միասին բժիշկը կազմակերպական համապատասխան միջոցներ ձեռնարկեց կովիդի ճանապարհը հավաքական փակելու համար, ասել է թե՝ բժշկի անմիջական մասնակցությամբ կիրառվեց առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ պարետի սահմանած կանոնակարգը: Արդյունքում մեր ծանրորդների հաղթանակներն են , որոնցից վերջինը գրանցվեց Եվրոպայի մոսկովյան առաջնությունում:
Դավիթ Մոսինյանը մշտական կապի մեջ է ՀԱՕԿ –ի և Տոկիոյի ամառային խաղերի կազմկոմիտեի հետ: Դա աշխատանքն է պահանջում, որովհետև երևանցի մասնագետը Տոկիոյի օլիմպիական խաղերում կկատարի նաև << Կովիդ – 19 >> սպայի պարտականություններ:
Բժշկին երբեմն հարցնում են, թե ինչի շնորհիվ է , որ նա չի վարակվում կովիդով: Պատասխանը մեկն է. պետք է հարգել սահմանված կանոնները: Այն մասին, որ խաղերի կազմկոմիտեն որոշել է ամեն օր թեստավորել մարզիկներին, Դավիթն ասաց, որ դա հոգեբանական լրացուցիչ դժվարություն է օլիմպիականների համար: Բայց հարգանքով պետք է մոտենալ պահանջին, որովհետև դա վերաբերում է բոլորին:
Զրույցներից մեկի ժամանակ ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ իրենց հաջողությունների 50 տոկոսը դոկտոր Դավթի անդուլ աշխատանքի արդյունքն է, 30 տոկոսը ՝ ծանրորդների և միայն 20 տոկոսը պետք է վերագրել մարզիչներին: