ՄՕԿ - Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍԸ

10:37 - 19 Մար, 2020

ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը  մարտի 18-ին կրկին տեսակոնֆերանս է անցկացրել։ Քննարկվել են   առաջիկա օլիմպիական խաղերի անցկացմանն առնչվող հարցեր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի տարածումը  լուրջ խնդիր է և այն  պահանջում է զգուշավոր ու միասնական մոտեցում: Նա իր գոհունակությունն   է հայտնել օլիմպիական հանրությանը՝  համերաշխություն դրսևորելու համար:  Բախը նշել է, որ  դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում: ՄՕԿ – ի աշխատանքային խումբը սերտորեն համագործակցում է առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։

Դեռ վաղ է շտապ լուծումներ ձեռնարկել, քանզի մինչ խաղերի մեկնարկը չորս ամիս կա և ըստ որոշ կանխատեսումների ակնկալվում է, որ  2-2,5 ամսվա ընթացքում վիճակը կփոխվի: Գլխավոր խնդիրն այժմ մարզիկների իրավունքների պաշտպանությունն է և պետք է կանխել բոլոր շահարկվող լուրերն ու ասեկոսեները: 

Թոմաս Բախը համամիտ է Ճապոնիայի  վարչապետ Սինձո Աբեի հետ, ով ցանկանում է խաղերն անցկացնել ճիշտ ժամկետներում և աշխարհին ցույց տալ, որ մարդկությունն  ավելի ուժեղ է, քան համաճարակը: Տեսակոնֆերանսի մասնակիցները  հատկապես ընդգծել են փակ սահմանների և հետաձգված վարկանիշային մրցաշարերի հետ կապված դժվարությունները, և այն, որ այժմ անհավասարություն կա  ուղեգրերի հարցում։

Կրկին ներկայացվել են  վարկանիշային մրցաշարերի համար սահմանված սկզբունքներն ու չափանիշները, որոնք մշակվել են միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեզ Կոսյանչիչը և մարզաշխարհի բազմաթիվ ղեկավարներ հավանության են արժանացրել  ՄՕԿ-ի  առաջարկությունները և նպատակահարմար  չեն համարում հապճեպ լուծումները։

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը  զրուցել է նաև տարբեր երկրների 220 մարզիկների հետ։ Քննարկվել են կորոնավիրուսին առնչվող խնդիրները։ Երկխոսությունն արդյունավետ ու կառուցողական է  եղել և օգնել է ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը։ Գլխավորը մարզիկների անվտանգությունն ու առողջությունը պահպանելն է։

Այլ նորություններ