Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական հեռավար նիստում ընդունվել են կարևոր որոշումներ։ Աշխատանքների ավարտից հետո ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա կենտրոնացել է երեք թեմաների վրա․ Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, Բելառուսի ԱՕԿ-ի ղեկավարության պատժին և Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ծրագրին:
Բախը վերահաստատել է իր վստահությունն այն մասին, որ նույնիսկ համաճարակի պայմաններում, Ճապոնիայի մայրաքաղաքում հաջողությամբ կանցկացվի մարզահանդեսը։ ՄՕԿ-ը կազմկոմիտեի և իշխանությունների հետ մշակում է համապատասխան կանոններ, ինչը հնարավորություն կտա անցկացնել լիարժեք միջոցառում, որին կարող են ներկա լինել նաև օտարերկրյա մարզասերներն ու զբոսաշրջիկները: Ստուգատեսի վերջնական ձևաչափը կհաստատվի գարնանը:
Քաղաքականությունը կրկին ներթափանցել է սպորտ։ Հետաքննելով Բելառուսում տիրող իրավիճակը, ՄՕԿ –ը պաշտոնապես եզրակացրել է, որ Բելառուսի ԱՕԿ –ը երկրի մարզիկներին պատշաճորեն չի պաշտպանել քաղաքական խտրականությունից, ինչը հակասում է օլիմպիական խարտիային և օլիմպիական շարժման սկզբունքներին։
ՄՕԿ-ը ժամանակավորապես արգելել է Բելառուսի ԱՕԿ-ի գործկոմի անդամներին մասնակից լինել ՄՕԿ-ի մրցաշարերին, այդ թվում՝ 2021թ․ Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերին։ Դադարեցվել է ֆինանսական աջակցությունը Բելառուսի ԱՕԿ-ին, բացառությամբ ՝ մարզիկներին տրվելիք գումարները, որոնք անմիջապես կհատակցվեն նրանց։
ՄՕԿ –ը դիմել է միջազգային ֆեդերացիաներին, խնդրանքով , որ թույլատրեն բելառուսցի մարզիկներին մասնակցել Տոկիոյի խաղերի որակավորման մրցումներին։
Բախն անդրադարձել է Փարիզի խաղերի մրցումային ծրագրին։ Այն էապես պետք է ճշգրտվի։ Առաջին անգամ մեդալներ կխաղարկվեն բրեյք - դանսում ։ Սյորֆինգը, սքեյթբորդը և ժայռամագլցումը նույնպես իրենց նորամուտը կկատարեն Ֆրանսիայում։
Գործկոմը որոշել է կրճատել Փարիզի մարզահանդեսում խաղարկվող մեդալների քանակը: Չեն հաստատվել 41 մրցաձևերի վերաբերյալ առաջարկները։ Հակառակը, մեդալների քանակը 339-ից տասով կրճատվել է: ՄՕԿ-ը նաև սահմանափակել է մասնակիցների ընդհանուր թիվը, այն նվազեցնելով մինչև 10 հազար 500 -ի , որը 600 –ով պակաս է Տոկիոյի խաղերից։
Սպասվում է, որ Փարիզում կմասնակցեն հավասար քանակով տղամարդ և կին։ Պետք է հասնել գենդերային հավասարության։