Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարկետինգի ու մենեջմենթի գծով մագիստրատուրայի ուսանողներն այսուհետեւ կվերապատրաստվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ուսանողները պրակտիկա կանցնեն ՀԱՕԿ-ի մարկետինգի բաժնում՝ ուսումնասիրելով սպորտային մարկետինգ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանի խոսքով, այս նախագիծը կնպաստի սպորտային մարկետինգի զարգացմանը Հայաստանում:
«2015 թվականին, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ստեղծվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք մշտապես լավ մասնագետների էինք փնտրում այդ ոլորտում, սակայն հանդիպեցինք մի շարք խոչընդոտների: Շատ ուրախ ենք, որ 2016 թվականին Վահրամ Առաքելյանը, քայլելով ժամանակին ընդառաջ, փորձեց օգնել մեզ եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում մագիստրոսների համար բացվեց սպորտային մարկետինգի բաժին: Դա մեզ հնարավորություն տվեց ունենալ վերապատրաստված շրջանավարտներ սպորտային մարկետինգի գծով: Քանի որ այս տարի ՀԱՕԿ-ում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վերաբացվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք փորձում ենք համալրվել նոր կադրերով եւ փորձնական շրջանում համագործակցում ենք հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարկետիգի բաժնի հետ: Ուսանողները մեզ մոտ պրակտիկա կանցնեն 3 շաբաթ եւ, բնականաբար, կփորձենք ընտրել լավագույններին, քանի որ ծրագրում ենք բոլոր ֆեդերացիաներում ստեղծել մարկետինգի բաժին: Դա կնպաստի ֆեդերացիաների անկախացմանը, գովազդային հարթակների տարածմանը, մարզիկներին գովազդներում ներգարվվելուն եւ այլ մեծ նախագծեր իրականացնելուն: Այդ կերպ կփորձենք մեր ֆեդերացիաներին մոտեցնել միջազգային չափանիշներին: Շատ ողջունելի է, որ Վահրամ Առաքելյանն արդեն մագիստրոսներ է պատրաստում սպորտային մարկետինգի գծով, ինչի շուկան բավականին դատարկ է: Հուսանք, որ շուտով դա կլինի նաեւ բակալավրիատի կրթական ծրագրով: Մեզ մոտ պրակտիկա անցած լավագույն կադրերը հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն օգտագործել գործնական տիրույթում, իսկ մենք կփորձենք մեր ունեցած փորձը, միջազգային պատրաստման մեր գիտելիքները փոխանցել նրանց: Կարծում եմ՝ համագործակցությունը կստացվի, կունենանք որակյալ մասնագետներ, քանի որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում աշխատում է շատ բարձր աստիճանի դասախոսական կազմ: Նրանց գիտելիքները, միանշանակ, կասկածի տեղիք չեն տալիս: Կփորձենք ամեն բան կիրառել գործնականում, ավելի մանրակրկիտ ցույց տալ թե՛ մարզաձեւերի, թե՛ ՀԱՕԿ-ի մարկետինգը, ինչպես նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ստանդարտները»,- նշեց Մանե Մուրադյանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում գործող «Սպորտի մենեջմենթի եւ հասարակական գիտությունների» ամբիոնի վարիչ Անահիտ Հարությունյանը նշեց է, որ ՀԱՕԿ-ի հետ համագործակցությունից անկալիքները մեծ են:
«Կարծում եմ՝ ժամանակի պահանջները թելադրեցին ունենալ այսպիսի մասնագիտություն, բայց մագիստրատուրայի հիմնական նպատակը ոչ թե գործնական մարկետաբաններ ու մենեջերներ պատրաստելն է, այլ գիտության ոլորտում հետազոտական աշխատանքներ կազմակերպելը՝ տվյալ ոլորտին ծառայություններ մատուցելու համար: Վերլուծությունների արդյունքում հասկացանք, որ շատ կարեւոր է գործնական կողմը եւ հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Սկզբում այդ առումով համագործակցում էինք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ, սակայն հետագայում ֆեդերացիաների հետ կապված մեր որոշ առաջարկներ չընդունվեցին տարբեր պատճառներով:
Շատ մեծ ակնկալիքներ ունենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համագործակցությունից, քանի որ գիտենք, թե ինչ կարգավիճակում է օլիմպիական սպորտը, եւ բոլոր երկրներում ինչ արձագանք է ստանում Օլիմպիական խաղերի անցկացումը: Կարծում եմ, որ մենք լավագույն գործնական արդյունքների կհասնենք ՀԱՕԿ-ի հետ համագործակցության շնորհիվ: Մենք պայմանագիր ենք կնքել նաեւ «Օլիմպավանի» հետ»,- նշեց Անահիտ Հարությունյանը:
ՀԱՕԿ-ի մարկետինգի բաժնի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը պատմեց, որ ուսանողներն արդեն ստացել են առաջին առաջադրանքները:
«Մեզ մոտ պրակտիկա անցնող 8 ուսանողների հետ կաշխատենք 4 ուղղություններով: Նրանք արդեն ստացել են առաջադրանքները՝ ըստ 4 ուղղությունների: Առաջիկայում նրանք կներկայացնեն իրենց տարբերակները եւ միասին կքննարկենք դա: Այնուհետեւ տեղի կունենա այդ ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինեն ՀԱՕԿ-ի եւ բուհի ղեկավար կազմերի ներկայացուցիչները»,- նշեց Մարիամ Մարտիրոսյանը: