<< Գրանդ սպորտ >> մարզահամալիրում զուգահեռաբար անցկացվում են տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունները։ Պատվավոր մրցանակի համար պայքարում են ութական թիմեր։
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգորի Ամբարյանն ասաց ,որ մրցակարգով հաղթում է առաջինը 21 միավոր վաստակած երկյակը։ Եթե երկու խաղափուլի արդյունքում գրանցվում է հավասար ՝ 1 ։ 1 հաշիվ, ապա նշանակվում է լրացուցիչ՝ երրորդ խաղափուլ։ Այս պարագայում առաջինը 15 միավոր վաստակած զույգը ճանաչվում է հաղթող։
Կանոնադրությամբ յուրաքանչյուր թիմ ունի երկու խաղացող՝ առանց պահեստայինի։ Եթե վոլեյբոլիստներից մեկը վնասվածք է ստանում և անկարող է պայքարը շարունակել, ապա տուժած երկյակի հաշվին գրանցվում է պարտություն։
Անդրադառնալով գավաթի խաղարկությանը , ասենք, որ ավարտվել են նախնական փուլերի հանդիպումները և հայտնի են դարձել լավագույն քառակները, նույնիսկ ՝ մրցանակային եռյակի համար պայքարող թիմերը։
Կանանց եզրափակիչում հաղթողին կորոշի << Վան -2 >> - << Ավան >> երևանյան թիմերի մրցավեճը, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն մայրաքաղաքի << Վան – 1 >> -ը և Կոտայքի մարզի << Գեղաշենը >>։
Տղամարդկանց մրցաշարում կմրցեն համապատասխանաբար ՖԻՄԱ – 2 - ՀՀ պատանեկան հավաքականը ու երրորդ տեղի համար ՝ ՖԻՄԱ – 1 - ՖԻՄԱ – 3 թիմերը։
Մրցումները տեղի կունենան այսօր երեկոյան ՝ առանց հանդիսականի։
Հավելենք, որ սեպտեմբերի 16 – 20 –ը Թուրքիայի Իզմիրում նախատեսված է անցկացնել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը հայտավորել է մինչև 18 տարեկան տղաների հավաքականին, որը լավ մարզավիճակում է։ Միակ խնդիրը համավարակին առնչվող սահմանափակումներն են։