Հայաստանի սուսերամարտիկները միջազգային մրցաշարերում

16:46 - 04 Դեկ, 2018

ՄՅՈԴԼԻՆԳ. - Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականի  անդամներ,  խոցասուսերակիրներ  Էմմա Պողոսովան,  Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը  Ավստրիայի Մյոդլինգ քաղաքում մասնակցեցին մինչև 23 տարեկանների    Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին: Մեր եռյակը երեքական հաղթանակ տանելով մտավ 1 / 64 եզրափակիչ: Նրանցից Մայքլին հաջողվեց տանել ևս մեկ հաղթանակ  և հայտնվել 1 / 32 եզրափակիչում: Այնուհետև նրանք ձախողվեցին և մնացին նշած դիրքերում:

Նշենք, որ յուրաքանչյուր զենքաձևի պայքարին հայտավորված էին 90 –ից ավելի մարզիկներ:

ԶԵՍՏԱՖՈՆ. - Վրաստանի այդ  քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարից   / մինչև 13 և մինչև 16 տարեկանների խմբեր / մեդալներով են վերադարձել Հայաստանի սուսերմարտիկները: Ավագ տարիքի խոցասուսերակիրների պայքարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  Գրիգոր Մնացականյանը, Հովհաննես Մուրադյանը և Մանվել Սիմոնյանը: Նույն մրցաձևի կրտսերների միջև  ևս մեր տղաներով կազմվեց մրցանակային եռյակը:

Ավագ տարիքի աղջիկների պայքարում խոցասուսերակիր Սվետլանա Եսայանը և ճկասուսերակիր Անահիտ Ալոյանը երկրորդն էին: Նույն տարիքային խմբում      ճկասուսերակիր Համլետ Մխոյանը առաջինն էր:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ