ԿԵՑՑԵ’Ք, ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ՀԵՐԿՈՒԼԵՍՆԵՐ

09:50 - 09 Ապր, 2021

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հատել է հասարակածը: Ավելանում է մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը: Արդեն բարձրքաշայիններն են մոտենում ծանրաձողին և կշռաքարերը  նույնպես ծանրանում են:

Երեկ մրցումներում տոն տվեցին հատկապես հարավկովկասյան երկու հանրապետությունների ՝ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները, որոնք զբաղեցրին պատվանդանի աստիճանները:

Խնդիրը պատվով կատարեցին մեր վարպետները: Էջմիածինցիներ,   89 կգ քաշայիններ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը << աքցանի >> մեջ  առան վրացի Ռևազ Դավիթաձեին և մարզիչների առաջադրած կիլոգրամներով <<  խեղդեցին >>  մրցակցին, որին այդպես էլ մինչև վերջ պահեցին իրենց << արանքում >>:

Այդ հրաշալի եռյակը երկամարտի արդյունքով դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ.  Կարեն Ավագյան՝  375կգ / 175կգ + 200կգ /, Ռևազ Դավիթաձե ՝ 374կգ  / 171կգ + 203կգ /  և Անդրանիկ Կարապետյան ՝ 365 կգ / 170 կգ + 195կգ /:

Շնորհավորում ենք Եվրոպայի մեր մեդալակիրներին՝  չեմպիոն Կարեն Ավագյանին, երրորդ մրցանակակիր Անդրանիկ Կարապետյանին ու նրանցից ակնկալում նորանոր հաղթանակներ:

Նախօրերին մեր մարզիկներից չորրորդն են ճանաչվել երևանցի  Իզաբելա  Յայլյանը / 55 կգ , երկամարտ ՝ 195 կգ /, որը  արծաթե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում և գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ , երկամարտ՝  346 կգ /, որը  բրոնզե մեդալ նվաճեց հրումում : 

Ապրիլի 9-ին մրցահարթակ կելնեն  Լիաննա Գյուրջյանը  / Երևան,  81 կգ /,  96 կգ քաշայիններ, գյումրեցի  Հակոբ Մկրտչյանը և  էջմիածինցի Դավիթ Հովհաննիսյանը:

 

Այլ նորություններ