Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ «Կանայք և սպորտը» թեմայով սեմիմար է անցկացրել Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում:
Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցած սեմինարին մասնակցում էին Շիրակի մարզի դպրոցների և մարզադպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:
Դասախոսեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Չատինյանը, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գարեգին Բարսեղյանը, միջազգային կարգի մրցավար Ասյա Սիմոնյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինա Ճշմարիտյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Մեսրոպ Բարբարյանը, դասախոս Աննա Գովելյանը:
Բանախոսները սեմինարի ընթացքում քննարկեցին տարբեր թեմաներ՝ մանկավարժական գործունեության առանձնահատկությունները կանանց սպորտում, հոգեկան առողջության հիմնահարցերը, կանանց մասնակցության էվոլյուցիան աթլետիկայում, կանանց ծանրամարտի մուտքը Գյումրի և այլն:
Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, և մարզիչ-մանկավարժներն արժեքավոր ինֆորմացիա ստացան միջազգային փորձից: