Շուրջ երեք ամիս է մնացել 2022թ. փետրվարի չորսին Պեկինում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական 24 –րդ խաղերին: Այդ մարզահանդեսում լավ մասնակցելու նպատակ ունեն Հայաստանի ներկայացուցիչները:
Նախապատրաստական ընթացքը կազմակերպելու, մարզվողների հարցերին լուծում տալու նպատակ է հետապնդում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այդ առթիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով փոխնախագահ Արմեն Գրիգորյանը խորհրդակցություն հրավիրեց:
Ներկաները ուշադրությամբ լսեցին համապատասխան ֆեդերացիաների ղեկավարներին:
Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մասնավորապես ասաց, որ Կանադայում է մարզվում Պեկինի խաղերի ուղեգիր արդեն նվաճած մեր Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում, օլիմպիական վարկանիշային մրցաշարում հանդես եկած ուժեղագույնների պայքարում մեր երկյակը գրավեց պատվավոր ՝ չորրորդ տեղը: Հայաստանի զույգը այժմ վարպետությունը հղկում է աշխարհում ճանաչում ունեցող մասնագետների ղեկավարությամբ:
Ամեն բան լավ է ընթանում, գրեթե ամենօրյա կապ կա նրանց հետ: Որևէ բանի պակաս առայժմ չեն զգում: Թերևս ցանկալի է, որ ունենան մեկական պահեստային մասնագիտական բարձրորակ չմուշկներ: Իսկ հավաքներ կազմակերպելը պարզապես պարտավոր ենք:
Գերմանիայի ստուգատեսում, մենասահորդների պայքարում, իր ընդհանուր պատրաստականությունը, վարպետությունը լիովին դրսևորեց մեր շնորհալի Սլավիկ Հայրապետյանը: Ավաղ, նա տեղ չգտավ վարկանիշային յոթնյակում և այժմ խաղերի մասնակից պահեստայինների շարքում է: Չգիտենք ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ամեն բանից անկախ Սլավիկն իր մարզիչ - հայրիկի ՝ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ շարունակում է նպատակային մարզումները:
Դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ասաց , որ հավաքականի առաջատարներ Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը պարապում են Աշոցքում: Ծաղկաձորցի լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը մարզիչների ղեկավարությամբ վայրէջքի արագությունը ցանկանում են զարգացնել իրենց քաղաքի համապատասխան մարզավայրում:
Իհարկե քրտնաթոր աշխատանքները դեռ առջևում են: Հոկտեմբերի 20 -ից մինչև հունվարի 17 –ը դահուկորդների մարզական առօրյան չափազանց հագեցած կլինի, քանզի իրար կհաջորդեն ուսումնամարզական հավաքներն ու պաշտոնական մրցաշարերը, վարկանիշային ստուգատեսները, աշխարհի գավաթի խաղարկությունը, համաշխարհային ուսանողական խաղերը, մարզաձևում զարգացող երկրների ստուգատեսները, որոնցից վերջինը կանցկացվի մեզանում ՝ հունվարի 13 – 16 –ը : Ավարտի հաջորդ իսկ օրը, հունվարի 17 –ին, միջազգային ֆեդերացիան կհրապարակի օլիմպիական խաղերի մասնակիցների ցանկը:
Համապատասխան հանձնարարականներ տրվեցին, նպատակով, որ ժամանակին լուծվեն մասնագիտական գույքի, հանդերձանքի, ֆիանանսավորման և այլ հարցերին:
Խորհրդակցությունում նաև նշվեց, որ տարիներ առաջ խոսվել է մեզանում հիմնական գրանցում ունեցած բիաթլոն և սնոուբորդ մարզաձևերի զարգացման ու ամուր հիմքերի ստեղծման մասին: Բայց ժամանակն անցնում է ու ցանկալի արդյունք դեռևս չկա: Այս հարցերը նույնպես քննարկման են արժանի:
<< Պեկին – 2022 >> –ի նախապատրաստության ընթացքի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: