Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նախապես հրավիրված մարզչական շտաբի ժողովից հետո, լրագրողներին ներկայացրեց հավաքականների նոր մարզիչներին:
«Հավաքական բոլոր թիմերում տեղի ունեցավ մարզիչների փոփոխություն: Սա ամենևին չի նշանակաում, որ նախորդ մարզիչներն իրենց չեն արդարացրել: Մեծահասակների հավաքականը կգլխավորի Կարեն Աղամալյանը, նրան կօգնի պատանիների հավաքականի մարզիչ Արման Հարությունյանը: Երիտասարդական հավաքականը կգլխավորի Վազգեն Բադալյանը, իմիջայլոց մեր վեջրին ժամանակների լավագույն արդյունքները գրանցվել են հենց նրա ժամանակ, երբ նա գլխավորում էր երիտասարդական հավաքականը: Երիտասարդական և պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչները չեն ունենա նշանակված օգնող մարզիչներ, նրանք կորոշեն, թե տվյալ պահին ում հետ կցանկանան աշխատել: Ավագ պատանիների հավաքականը կգլխավորի Ֆեդյա Ալեքսանյանը: Կրտսեր պատանիների հավաքականը՝ Արշավիր Գրիգորյանը: Նա պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիր Նարեկ Մանասյանի անձնական մարզիչն է: Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մարզիչը կլինի Ռաֆայել Մեհրաբյանը, ով կաշխատի բոլոր տարիքայինների հավաքականների հետ: Բռնցքամարտի տեսության մասով կաշխատի Ալեքսանդր Սարգսյանը: Կանանց հավաքականը կշարունակի գլխավորել Հարություն Նազարյանը»,- նշեց Գևորգյանը:
Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մնացել է մարզչական խորհրդում: Նա Հայաստանը կներկայացնի ԱԻԲԱ-ում:
ՀԱՕԿ լրատվության բաժին