Մինսկի «Դինամո» մարզադաշտում հունիսի 21-ին տեղի ունեցավ 2-րդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման արարողության գլխավոր պրոդյուսերը Իգոր Կռուտոյն է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Ալեքսանդր Սեչենովը։
Սկզբում հաղորդավարները պատմեցին Եվրոպական խաղերի կամավորների մասին՝ ներկայացնելով նրանց մասին հետաքրքիր վիճակագրական տվյալներ։
Ստադիոնից բացման արարողությանը հետևում էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիայնիչիչը։
Հանդիսավոր կերպով երեխաները և պատանիները ստադիոն բերեցին Բելառուսի դրոշը, իսկ հետո հնչեց Բելառուսի հիմնը։
Այնուհետև շքերթով անցան Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունները, Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր։
7 մասից բաղկացած ներկայացման ժամանակ ցուցադրվեցին Բելառուսի պատմությունը, սովորույթները, լեգենդները, առասպելները և նվաճումները՝ մինչև մեր օրեր։
Այնուհետև տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ մաղթելով հաջող մեկնարկ։
Ստադիոն բերվեց և բարձրացվեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների դրոշը։ Դրոշը հանդիսավոր կերպով ստադիոն բերեցին օլիմպիական չեմպիոններ Ելենա Բելովան, Իգոր Մակարովը, Ալեքսանդր Ռոմանկովը, Ալա Ծուպերը, Յանին Կարոլչյուկը և մարզիչ Նիկոլայ Կոզենկոն։
Մարզիկների անունից հանդիսավոր կերպով երդվեց Վասիլսիա Մարզալյուկը, մրցավարների անունից՝ Արթուր Ֆանդոն, իսկ մարզիչների անունից՝ Օլգա Վլասովան։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանիս Կոչայնիչիչը՝ Բելառուսին շնորհակալություն հայտնելով Եվրոպական խաղերը հյուրընկալու համար: Նա նշեց, որ Բելառուսն ամուր սպորտային ավանդույթներ ունեցող երկիր է:
«Հարգելի մարզիկներ, իմ հավատարմությունն եմ հայտնում այն մայրցամաքին, որտեղ սկիզբ առան Օլիմպիական խաղերը։ Ցույց տվեք ձեր լավագույն որակները»,- խոսքը եզրափակեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ողջունեց խաղերի բոլոր մասնակիցներին․
«Մենք ուրախ ենք, որ կարող ենք ձեզ ներկայացնել իսկական Բելառուսը, դուք կհամոզվեք, որ այստեղ ապրում են ամենաբարի մարդիկ։ Առաջիկա 10 օրերին մենք կհետևենք լավագույն մարզիկների պայքարին, կտեսնենք համաշխարհային սպորտի ծագող աստղերին։ Ցանկացած մարզիկի համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրն այս խաղերում»,- ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն։
Կրակը ստադիոն բերեցին օլիմպիական չեմպիոններ Դարյա Դոմրաչևան, Ալեքսեյ Գրիշինը, Մաքսիմ Միրնին, Յուլիա Նիստիրենկոն, Ռոման Պետրուշենկոն, Նադեժդա Սկարդինոն, որոնք վառեցին Եվրոպական խաղերի ջահը։