Փարիզի 7-րդ թաղամասում (Էյֆելյան աշտարակի հարևանությամբ) երեք տարի առաջ է ստեղծվել Grand Palais Ephemer ցուցահանդեսային համալիրը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ վայրում զբոսաշրջիկների մեծ հոսք կա։
Grand Palais Ephemer - ը զբաղեցնում է 10000 քառակուսի մետր տարածք: Այն համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է և ավելի հաճախ օգտագործվում է որպես ցուցահանդեսային սրահ։ Սա բնական է, քանզի ֆրանսիացիները գեղեցիկ արվեստների ու նորաձևության երկրպագուներ են:
Այդ հաստատությունում անցկացվում են Hermès Thoroughbred, Chanel-ի նորաձևության ամենամյա ցուցադրությունները, Փարիզի նորաձևության շաբաթը, ինչպես նաև բազմաթիվ գալա համերգներ, կոնֆերասներ և արվեստին վերաբերող միջոցառումներ:
Օլիմպիական խաղերի անցկացման համար համալիրը կվերափոխվի և այդ ասպարեզում կանցկացվեն ըմբշամարտի և ձյուդոյի մրցումները, իսկ ինը հազար հանդիսականի համար կտեղադրվեն շարժական տրիբունաներ։
Արժե նշել, որ այնտեղ իրենց գոտեմարտերը կանցկացնեն նաև խաղերում մեր երկիրը ներկայացնող հինգ ըմբիշները. ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թևանյանը և հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը և 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը:
Համալիրը գտնվում է օլիմպիական գյուղից 11 կմ հեռավորության վրա։