Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը «Օլիմպավանում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հարցազրույցին: Նրա խոսքով, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբեք չի միջամտել հավաքականի կազմի ձեւավորմանը եւ մարզիկների ընտրությանը:
«Անդրադառնալով Միհրան Հարությունյանի հարցազրույցին՝ ցանկանում եմ շեշտել, որ անձամբ զրուցել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ նա հավաստիացրել է, որ չի միջամտելու հավաքականի ձեւավորմանը:
Մեր հավաքականներում ունենք բարձրակարգ մարզիկներ, ովքեր սահմանված կարգով մասնակցել են բոլոր հավաքներին եւ մրցաշարերին: Թող ոչ մեկ չափերը չացնի, իսկ լրագրողներին խնդրում եւ հորդորում եմ ինտրիգներ ման չգալ»,- ասաց ՀԸՖ նախագահը:
Ռոբերտ Խաչատրյանը նշեց նաեւ, որ անկախ այս խոսակցություններից, ցանկացած մարզիկ, որը պատրաստ է գալ եւ մարզվել հավաքականի հետ ու կատարել գլխավոր մարզիչի պահաջները եւ ցուցումները, տեղ ունի հավաքականում:
«Մենք մեծահոգի ենք եւ բոլորի համար տեղ ունենք հավաքականում, եթե նրանք պատրաստ են հետեւել հավաքականի կարգուկանոնին»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը:
Ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ ժամանակին զրուցել է նաեւ Միհրան Հարությունյանի հետ:
«Միհրանը ինձնից խորհուրդ հարցրեց՝ շարունակել զբաղվել ըմբշամարտով, թե ընտրել ММА-ն: Ես էլ ասացի, որ ընտրությունն իրենն է, եւ որտեղ իրեն ավելի լավ կզգա, թող անյտեղ էլ շարունակի»: