Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սամվել Գասպարյանը մեկնաբանեց իր մրցելույթը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:
Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա:
Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,- նշեց Սամվել Գասպարյանը:
Նշենք, որ Սամվել Գասպարյանն իր ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանում էր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի պատկերով շապիկով։
Հիշեցնենք, որ երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը եւ ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ (168+200) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Դմիտրո Չումակի երկամարտի արդյունքն էր 391 կգ: Դա Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում:
Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, պայքարի մեջ կմտնեն նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):