Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզում 2024թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների թարմացված կարգը:
Արտոնագիր նվաճելու համար ըմբիշները պետք է կարևորեն 2023թ. աշխարհի առաջնությունը, 2024թ. մայրցամաքային և համաշխարհային վարկանիշային մրցաշարերը:
Ընդհանուր առմամբ 288 օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն մարզաձևի քաշային 18 կարգերում / հաշվի է առնվել նաև ազատ ոճում կանանց մասնակցությունը /:
Աշխարհի առաջնությունում վարկանիշ կստանան յուրաքանչյուր քաշային կարգի բոլոր չորս մեդալակիրները:
Մայրցամաքային առաջնությունում ուղեգիր կտրվի միայն հաղթողին:
Համաշխարհային փուլի արդյունքում Փարիզ կմեկնեն միայն եզրափակիչի մասնակիցները, իսկ ահա բրոնզե մեդալակիրները միմյանց հետ լրացուցիչ գոտեմարտով կորոշեն օլիմպիականին:
Որակավորման փուլը կսկսվի 2023թ. սեպտեմբերի 16-ին և կավարտվի 2024թ. մայիսի 12-ին։ Ութ ամսում կանցկացվեն միջազգային վեց ընտրական մրցաշարեր:
Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու վերջնաժամկետը 2024թ. հուլիսի 8-ն է, իսկ ըմբշամարտի մրցումները նախատեսված են 2024թ. օգոստոսի 4-11-ը։
Մայրցամաքային և համաշխարհային օլիմպիական որակավորման մրցավայրերն առայժմ հայտնի չեն: