Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալակիր դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:
2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում:
Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):
Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն ու փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):