Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 28 –ին կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մասնակիցների թվում իր ուրույն տեղը կունենա Հայաստանի հավաքականը: Վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ մեր մարզիկները լրջորեն նախապատրաստվում են այդ ստուգատեսին:
Ծաղկաձորում երեկ ավարտվեց ուսումնամարզական հերթական հավաքը: Մարզչական խորհուրդը առավելապես ուշադրություն հատկացրեց անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս շտկվեն ծանրորդների թերի կողմերը: Տեսադաշտում էր նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը: Թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ասաց, որ եղած վնասվածքները գրեթե բուժվել են: Ընդհանուր մթնոլորտը, ինչպես միշտ, առողջ է:
Մայիսի երեքից նախապատրաստական մարզումները կշարունակվեն Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները կառաջնորդվեն նախապես կազմած ծրագրով, ասել է թե՝ հիմնական ուշադրությունը կհատկացվի վարժությունների կատարման տեխնիկային: