Լևոն Ջուլֆալակյան. Կյանքի մեծագույն ձեռքբերումն ընտանիքն է

09:00 - 05 Ապր, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այսօր նշում է ծննդյան 55-ամյակը:

Ավագ Ջուլֆալակյանի հետ հարցազրույց անելը լրագրողի համար մեծագույն հաճույք է: Միշտ պատրաստ է ժամանակ տրամադրել, եթե մարզումային գործընթացին չի խանգարում:

Մարզիկին հարիր պարտաճանաչությամբ՝ այս հարցազրույցին էլ եկավ պայմանավորված ժամից 5 րոպե շուտ: Փոխվեց, հագավ մարզահագուստը, և արդեն պատրաստ էինք:

Զգո՞ւմ եք, որ արդեն 55 տարեկան եք:

Միշտ էլ ես ինձ անհամեմատ երիտասարդ եմ զգացել: Իմ կարծիքով, այդպես էլ կա, որովհետև ընդհանրապես ես միշտ ակտիվ եմ, անընդհատ փորձում եմ տեղում չդոփել, անընդհատ առաջ ընթանալ, կենսուրախ եմ և սիրում եմ կյանքը: Մի խոսքով՝ միշտ երիտասարդ եմ ինձ զգացել և շարունակում եմ նույն ձևով էլ ապրել:

Երբ  հետ եք նայում կյանքի այս  55 տարիներին,  ինչ- որ բան փոխելու ցանկություն առաջանո՞ւմ է:

Պատկերացրեք՝ ոչ: Ես իմ անցած բոլոր տարիներից գոհ եմ՝ անկախ ամեն ինչից: Եղել են և ծանր օրեր, թշվառ օրեր, ինչ-որ տարբեր արհավիրքներ, պատերազմ…Մի խոսքով՝ ամեն ինչ եղել-անցել է: Ինչ  խոսք, երբեք չէի ցանկանա, որ նման բաներ լինեին, բայց դա մեզանից չի կախված՝ բնությունը, Աստված է ստեղծել: Իմ ապրած բոլոր տարիներից ես գոհ եմ և շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ շրջապատին, որ ես կարողացել եմ ապրել և ինչ- որ տեղ օգտակար լինել և՛ հասարակությանը, և՛ իմ ընտանիքին, և՛ իմ ազգին:

Դուք Ձեզ համարո՞ւմ եք մարդ, ումից պետք է օրինակ վերցնել:

Դա, իմ կարծիքով, ուրիշները պետք է ասեն: Ինչքան որ պատկերացնում եմ, իմ անցած ճանապարհը դրական է եղել, և պետք է, որ շատ շատերը փորձեն ինչ-որ տեղ ընտրել նման ճանապարհ: Իմ կերպարը միշտ էլ դրական է եղել: Բնական է` չես կարող բոլորի համար շատ սիրված կամ ընդունված լինել,  բայց  կարևորը, որ մեծամասնությունը քեզ սիրում է,  հարգում է, գնահատում է, իսկ դա արդեն այն գնահատականն է, որը քեզ տալիս է ժողովուրդը, քո ազգը:

Եղե՞լ է մի բան, որն անելու համար Ձեր համարձակությունը չի ներել:

Ճիշտն ասած` ես ինչ որոշում եմ, չեմ տատանվում: Իմ էությամբ ես միշտ կարողացել եմ ինձ հաղթահարել, որովհետև մինչև քեզ չհաղթես, երբեք չես կարողանա պարտություններ, դժվարություններ հաղթել:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

Այո:

Իսկ Ձեր երջանկության գաղտնիքը կամ բանաձևը ո՞րն է:

Առաջին հերթին` լինել ազնիվ մարդ, ստեղծել լավ ընտանիք, ունենալ լավ զավակներ, օգտակար լինել քո ազգին, ծառայել քո ազգին, քո տեսակով միշտ դրական լինել, որ հիմնականում շատերը փորձեն  հասնել քեզ: Իմ կարծիքով, առաջնահերթ պետք է ստեղծել լավ ընտանիք, որը շատ կարևոր է քո ամբողջ կյանքի ընթացքում: Քեզ համար, կարելի է ասել, թիկունք է, հենարան է, նեղ պահերին հաստատ քո կողքին կանգնած է: Ամենաբարդ խնդիրը ճիշտ ընտանիք կազմելը և ճիշտ ընտանիք պահելն է: Շատերին թվում է, թե դա մանրուք է, բայց դա մանրուք չէ, դա շատ կարևոր կետ է մարդու ամբողջ կյանքի համար, այնպես որ, ես ինձ շատ երջանիկ եմ զգում:

Իսկ ուժեղ համարո՞ւմ եք Ձեզ:

Դե, երևի ուժեղ եմ, որ կարողացել եմ նման բարձունքների հասնել, ուժեղ եմ ոչ թե ֆիզիկապես, այլ ինձ համարում եմ ավելի ուժեղ հոգեպես, ինչ խոսք, և ֆիզիկապես էլ: Իմ կարծիքով, մարդ պետք է բազմակողմանի ուժեղ լինի և ամենակարևորը մտավոր պատրաստ, որովհետև եթե միտքդ, ուղեղդ ճիշտ չեն աշխատում, ուժեղ չես, ուրեմն մնացած բոլոր հարցերում կարող ես սայթաքել:

Վախեր ունենո՞ւմ եք:

Վախն ինձ համար մի քիչ հարաբերական է: Հիմնականում վախենում եմ, որ մարզումների ժամանակ հանկարծ որևէ մարզիկ վնասվածք չստանա: Վախենում եմ բնության արհավիրքներից:

Շատ եք խոսում ճիշտ ընտանիքից: Ո՞րն է Ձեր իդեալական ընտանիքը:

Դե, առաջնահերթ պետք է ընտանիքում սեր լինի, հարգանք լինի, եթե երկուսը միասին կան, ուրեմն հաստատ ավելորդ վեճեր չեն լինի ընտանիքում: Ամեն ինչ կարելի է հասարակ զրույցով կարգավորել միասին: Միասին ասելով` նկատի ունեմ ընտանիքի բոլոր անդամներին, ոչ թե միայն ամուսին և կին, այլ ընտանիքի բոլոր անդամները` և՛ զավակներ, և՛ հարսներ, և՛ թոռներ: Ուրիշ բան չեմ տեսնում, այլ գաղտնիք չկա: Եթե մարդիկ իրար հասկանում են, իրար սիրում են, իրար հարգում են, ուրեմն ամեն ինչ լավ կլինի:

Հարցազրույցներում շատ եք նշում Ձեր կնոջ մասին: Որքանո՞վ է կնոջ դերը կարևոր տղամարդու, այս դեպքում նաև, մարզիկի կյանքում:

Տեսեք, ես ընտրություն կատարել եմ շատ երիտասարդ տարիքում: Դեռ մեծ արդյունքների չէի հասել: 1984 թվականից ես արդեն ընտրություն եմ կատարել, ամուսնացել եմ 1986 թվականի նոյեմբերին: 1984 թվականին Եվրոպայի երիտասարդների հաղթող էի, բայց  մեծահասակների արդյունքներին դեռ նոր-նոր պետք է մոտենայի:

Իմ կինը մոտ ընկերոջս` Աշոտ Ալեքսանյանի՝ Արթուր Ալեքսանյանի հորեղբոր, դասընկերուհին է եղել: Տարբեր միջոցառումների միասին ենք եղել: Կամաց-կամաց զգում էի, որ անտարբեր չեմ: Մեզ կապեց մեր բախտը:  2 տարուց ավելի իրար ճանաչելուց հետո ամուսնացանք: Իմ կինը հենց սկզբից էլ լավ պատկերացնում էր` որքան բարդ է մարզիկի հետ ամուսնանալը, որովհետև տարվա 250 օրը մենք անընդհատ բացակայում էինք երկրից, տնից: Նա ինձ հասկացավ և ընտրեց: Համբերում էր բացակայությունները և ընդհանրապես չէր դժգոհում, այլ միշտ ինձ միայն ոգեշնչում էր:  Սակայն, երբ ես իմ ընտանիքի հետ եմ, կարողանում եմ լրացնել բոլոր բացթողումները, մենք շատ ճանապարհորդում ենք ազատ ժամանակ, շատ զբոսնում ենք, հաճախում ենք տարբեր միջոցառումների՝ կինո, թատրոն, համերգ: Հետաքրքիր է անցնում մեր առօրյան: Այնպես որ, այդ բացը կարողանում ենք լրացնել: Բացակայությունը դրական կողմ էլ ունի. անընդհատ կարոտը ձգում է, չես հասցնում ինչ-որ տեղ հոգնել ու նորից բացակայում ես, կարոտում ես, վերադառնում ես: Մի պահ է գալիս, որ կարող է երկկողմանի հոգնածություն լինի, նորից բացակայում ես, և ամեն ինչ ստացվում է ավելի կատարելագործված:

Ճի՞շտ է, որ Ձեզ տիկին Աիդան է ամուսնության առաջարկություն արել:

(Խմբ. ծիծաղում է): Իրոք, այնպես էր ստացվել, որ անընդհատ հանդիպում էինք: Արդեն մի տարուց ավելի էր` տարբեր առիթներ էի փնտրում, որ ասեի: Ես վստահ եմ իմ քայլերում, երբեք չեմ տատանվում, բայց այդ հարցում ինչ-որ տեղ զգուշանում էի: Ի վերջո, Աիդան ասաց` ի՞նչ կա, անընդհատ հանդիպում ենք, ի՞նչ ունես ասելու, ասա՛, և ստացվեց, որ արդեն չէի կարող չխոստովանել, որ ուզում եմ ամուսնանալ, ընտանիք կազմել: (Խմբ. ծիծաղում է): Նա ինձանից պահանջեց, որ ես այդ առաջարկությունն անեմ:

Խոսենք սպարտի մասին։ Ընդհանրապես հաղթում է այն մարզիկը, ով ավելի շատ է ուզում և հոգեբանորեն է լավ պատրաստված, թե նա, ով ունի լավ ֆիզիկական տվյալներ և տաղանդ:

Իմ կարծիքով, առաջնահերթ պետք է մարզիկը, նախ մեծ ցանկություն ունենա: Եթե մարդ նպատակ ունի, ձգտում ունի, նա հասկանում է` ինչ պետք է անի դրան հասնելու համար: Եթե չլինի ցանկություն, որքան էլ մարզիկը ունենա տվյալներ, տաղանդ, ուժ, այդ ամեն ինչը չի օգնի իրեն:

Ըմբշամարտը ժամանակի հետ շատ է փոխվել: Ձեր կարծիքով, ավելի հեշտ էր հաջողության հասնել ա՞յն ժամանակ, թե՞ հիմա:

ԽՍՀՄ-ի ժամանակ շատ բարդ էր: Բոլոր հանրապետություններից միասին պետք է մի մարզիկ ընտրվեր, նա պետք է այնքան ուժեղ լիներ, որ հետո էլ դրսում բոլորին հաղթեր, որովհետև այնտեղ պարտվելն արդեն անընդունելի էր: Նախ` մեր ծանրաբեռնվածությունն էր անհամեմատ մեծ, դժվար և բարդ: Պատահական չէր, որ աշխարհի առաջնությունից 10 քաշային կարգից ԽՍՀՄ հավաքականը վերադառնում էր 10-ը մեդալով, որից 3-5-ը ոսկի էր լինում:

Ձեր ամբողջ կյանքը ըմբշամարտին եք նվիրել: Չի՞ գալիս մի պահ, որ հոգնեք գորգից, սուլիչից, դրա հետ կապված ամեն ինչից:

Դեռ, ոչ: Պատկերացրեք, որ մեծ հաճույքով եմ անում: Փուլեր կան, որ հանգստանում ենք: Օրինակ` Եվրոպայի, աշխարհի առաջնությունից հետո մի ամիս կարող է ընդմիջում լինել, քանի որ, իրոք, նման մրցումներից հետո դատարկված ես վերադառնում՝ անկախ արդյունքից: Ուզում ես հանգստանալ, անգամ դահլիճ մտնել չես ուզում, բայց դա տևում է մի շաբաթ, 10 օր, և սկսում եմ կարոտել: Իմ կարծիքով, եթե մարդ սիրով, ցանկությամբ չի անում իր գործը, արդեն հարկավոր է վերջացնել, անցնել մեկ այլ գործի:

24 տարեկանում արդեն Օլիմպիական չեմպիոն էիք: Եվ ընդհանրապես գրեթե բոլոր հնարավոր մեդալները նվաճել եք, բայց կա՞ չնվաճված մեդալ: Ափսոսո՞ւմ եք այդ մեդալի համար:

Դե, միշտ ասում եմ ԽՍՀՄ մեծահասակների չեմպիոն չեմ եղել, բայց եղել եմ ԽՍՀՄ գավաթի հաղթող: Մյուս բոլոր գույների մեդալներ ունեցել եմ, բայց չեմպիոն այդպես էլ չեմ դարձել: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում միշտ էլ եղել է կողմնապահություն: Երբ այն ժամանակվա գոտեմարտերիս ձայնագրությունները  նայում ենք, պարզ երևում է, որ շատ գոտեմարտե­րում ինձ միշտ խանգարել են ամեն գնով, որ ԽՍՀՄ չեմպիոն չդառնամ: Ամեն դեպքում, երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ դա իմ մեղքով չի եղել: Կարևորն այն է, որ գլխավոր մրցաշարերում կարողացել եմ հաղթող ճանաչվել:

Ինչպիսի՞ ներուժ ունի հունահռոմեական ոճի ըմբշամարտը մեր օրերում: Մարզիկների թիվը գնալով պակասում է: Ըմբիշները լքում են Հայաստանը տարբեր խնդիրների պատճառով:

Ճիշտն ասած` այդ մտավախությունը միշտ եղել է: 2000-ական թվականներին էլ մենք ունեինք քիչ մասնակիցներ, բայց համեմատաբար ավելի շատ, քան` ներկայում: Այն ժամանակ մինչև 100-110 հոգի մասնակցում էին, հետո` 90, հիմա արդեն` 80-70: Նախ` առաջնային ամենամեծ խնդիրը զինվորական ծառայության մեկնելն է: Բոլորս հասկանում ենք մեր հանրապետության կարգավիճակը, բայց եթե մենք ուզում ենք` մեր մեդալները շարունակական լինեն, իրոք, այդ հարցում պետք է լուրջ աշխատանք տարվի: Կար սպորտային վաշտ հասկացությունը, որը վերացվեց: Հիմա հուսով եմ, որ նորից կստեղծվի: Այն շատ կարևոր է:

Ի՞նչ եք խորհուրդ տալիս Ձեր սաներին սպորտից դուրս:

Լինել լավ մարդ: Ցավոք՝ կյանքում կան արդյունքներով փայլուն մարզիկներ, բայց կյանքում իրենց էությամբ ոչնչություն են: Եվ դա ոչ միայն մեր մարզաձևում է, այլ ընդհանրապես` սպորտում: Ինձ համար, առաջին հերթին, պետք է լինես լավ մարդ, ճիշտ մարդ, հետո նոր` մնացածը:

 

Այլ նորություններ