ԱՇԽԱՏԱՍԵՐ ՈՒ ՆՐԲԱԶԳԱՑ ՀՐԱՁԳՈՒՀԻՆ

15:17 - 23 Նոյ, 2021

Հաճելի զրուցակից է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա նոր է վերադարձել Լոզանից, ուր մասնակցել է UEFA-ի  և շվեդական IMD BUSINESS SCHOOL  միջազգային բիզնես դպրոցի  համատեղ կազմակերպած  << Innovation in action >>   դասընթացին: Ծրագրին միացել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն:  ՄՕԿ –ը մրցութային մի քանի փուլով, տարբեր մարզաձևերի 1800  դիմորդներից  ընտրել է  օլիմպիական խաղերի ընդամենը  երկու մասնակցի և հովանավորել: Ընտրյալներից մեկը մեր Էլմիրա Կարապետյանն է, մյուսը ՝ աֆրիկացի Բիանկա Բայտենտագը, որը  Տոկիոյի օլիմպիական խաղերում   վինդսյորֆինգ մրցաշարի փոխչեմպիոնուհի է :

Երևանցի ատրճանակավարուհին տեղեկացրեց,  որ հիշյալ բիզնես դպրոցը մեծ հեղինակություն ունի աշխարհում: Ծրագիրը,  որտեղ ընդգրկված է մեր մարզուհին, բաղկացած է երեք փուլից: Առաջինի և երրորդի տևողությունը մեկական ամսով  հեռավար ուսուցումներ են, իսկ երկրորդը՝ Շվեյցարիայում անցկացված մեկշաբաթյա դասընթացն էր:

Հրաձգուհին զրույցում  ասաց, որ դասերը տեսագործնական բնույթ ունեցան: Ունկնդիրները եղել են տարբեր հաստատություններում ու անձամբ են հետևել գործնական աշխատանքներին: Հիմնական նպատակը եղել է ինովացիոն  - բիզնես տեխնոլոգիաների և   նոր մտքի ներդրումը  սպորտի  զարգացման համար:

Եղել են ՄՕԿ –ի թանգարանում, զբոսնել այգում: Հանդիպման վերջում  Էլմիրան և Բիանկան իրենց ստորագրությունն են դրել հատուկ ցուցապատի վրա: Նման պատիվ տրվում է այն օլիմպիականներին, ովքեր հատուկ հրավերով են այցելում ՄՕԿ –ի կենտրոնակայան:

Երևանի տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ Էլմիրան նաև ասաց , որ հենց դասընթացի օրերին է ձևավորվել իր միտքը՝ ոլորտի առաջընթացի ուղղությամբ:

Անդրադարձանք նաև նրա մասնակցությամբ Տոկիոյի և երեք տարի հետո կայանալիք Փարիզի օլիմպիական խաղերին:

-Ճիշտ է  ծագող արևի երկրում անցկացված  օլիմպիական խաղերի  ուղեգիր նվաճեցի, բայց 53 մասնակիցների պայքարում  վաստակածս 573 միավորը չբավարարեց  լավագույն ությակ մտնել, - ասաց նշանառուն: - Մրցաշարը նաև վկայեց, որ հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ:  Թեև ասում են,  որ օլիմպիական խաղերում գլխավորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը, բնավորությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . .

Հարցրինք, թե ով է սպորտում նրա կուռքը: Ասաց, որ այդպիսին չունի, թեև պապը հայկական ֆուտբոլի նշանավոր դեմքերից է եղել: Տվեց նրա  անունը, ու մենք պատառիկներ հիշեցինք  վաստակավոր մարզիչ, Շենգավիթում գործող ֆուտբոլի դպրոցի երկարամյա տնօրեն էդիկ Կարապետյանի հետ ունեցած հանդիպումներից:  Էլմիրան հուզվեց, գեղեցիկ աչքերից հոսող արցունքների միջից ասաց , որ ընդամենը ամիսներ առաջ է կյանքին հրաժեշտ տվել իր սիրելի պապիկը:

Հավատանք, որ բնածին շնորհքով օժտված, աշխատասեր ու  նրբազգաց հրաձգուհու նպատակները կիրականանան:

 

Այլ նորություններ