Դավթաշեն համայնքում «Օլիմպավանի» լողավազանը, որը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, հյուրընկալ դռները բացել է այս տարվա հունիսի 1-ից եւ առաջին իսկ ամիսներից աշխատում է ծանրաբեռնված: Այստեղ հավաքներ են անցկացնում եւ իրենց վարպետությունը բարձրացնում ոչ միայն հանրապետության ջրային մարզաձեւերի հավաքականները, այլեւ ջրի հետ առաջին ծանոթությունն են հաստատում ինչպես շրջակա թաղամասերի, այլեւ Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաթիվ մանուկներ:
«Օլիմպավանի» գլխավոր տնօրեն Կարեն Պապիկյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շատ է կարեւորում, որպեսզի երեխաները վաղ տարիքից զբաղվեն սպորտով, մասնավորապես, լողով, մեծանան առողջ, կայտառ ու դրա համար ստեղծում է բոլոր պայմաններն ու նախադրյալները.
«Լողավազանում ներկայումս մարզվող մանուկների քանակը հասել է շուրջ 900-ի, որոնց հետ աշխատում են մեր մարզիչները: Թե երեխաները մի քանի ամսում ի՞նչ են սովորել, հետաքրքրում է ծնողներին: Դա նորմալ է եւ նրանց հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով եռամսյակը մեկ անգամ այսպես կոչված դռնբաց ստուգատես ենք կազմակերպում, որին ներկա են լինում ծնողները, մարզիչներն էլ իրենց աշխատանքի յուրատեսակ հաշվետվություն են տալիս թե´ նրանց, թե´ մեզ:
Այսօր երկրորդ ստուգատեսն է, որին մասնակցում է մինչեւ 13 տարեկան շուրջ 300 սկսնակ լողորդ: Իսկ երեխաներին ոգեւորելու նպատակով պատրաստել ենք մեդալներ, մասնակցության հավաստագրեր եւ գովասանագրեր: Նրանք ամբողջ կյանքում կհիշեն իրենց առաջին մարզական մրցանակները: Ի դեպ, մարզական առաջին արդյունքներն էլ ենք արդեն արձանագրել: «Օլիմպավանի» պատանի լողորդները մասնակցել են պատանիների հանրապետության առաջնությանը, իսկ օրերս Հայաստանի թիմի կազմում Իրանում հանդես եկել միջազգային մրցաշարում եւ մրցանակային տեղեր զբաղեցրել», - ասաց Կարեն Պապիկյանը: