Ճապոնիայում 2020թ. մարտի 26-ին կմեկնարկի Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը:
Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:
Հիշեցնենք, որ Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաեւ 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաեւ 16-րդ Պարալիմպիկ խաղերը: