Մեզանում հաստատուն քայլերով վերելք է ապրում բասկետբոլ մարզաձևը: Ավելացել է պարապողների և թիմերի քանակը, բարձրացել է խաղացողների վարպետության աստիճանը և, որ պակաս կարևոր չէ, անհամեմատ ավելացել է հանդիպումների ընթացքին հետևող մարզասերների քանակը: Ասածը վկայում է ֆեդերացիայի հետևողական աշխատանքների մասին:
Ընդհանուր վիճակը ըստ արժանվույն են գնահատում նաև մասնագետները, բոլոր նրանք, ովքեր ներկա եղան մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու – ընտրական համաժողովին: Ասածն է վկայում ՀԲՖ –ի հաղորդագրությունը. << Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում:
Ֆեդերացիան կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան:
ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, Մելիք Սանդրոսյան, Սուսաննա Ենոքյան, Մարինե Ադամյան:
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ներկայացրեց առաջիկա ծրագրերը.
«Վերջին տարիներին հանդիպեցինք մի շարք դժվարությունների: Կորոնավիրուսի համավարակը, ապա՝ պատերազմը, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունը ունեցան բասկետբոլի զարգացման գործում: Առավելագույնս պայքարել ենք այդ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և իրականացրել ենք ծավալուն աշխատանք:
Այս տարի, ամռանը, Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 5 հավաքական (3 տղամարդկանց և 2 կանանց): Հուսով եմ՝ թիմերն իրենց կդրսևորեն լավագույն կողմերով:
Ամեն ինչ կանենք ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Կշարունակենք նաև ակտիվ աշխատանքներ իրականացնել մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու համար: Առջևում նոր նպատակներ և հեռանկարներ են . . . >>: