. . . Որպեսզի կարոտեն մրցագորգին

12:29 - 11 Հուն, 2019

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ըմբշամարտի  մեծահասակների / գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան /  և երիտասարդական /  ավագ մարզիչ` Ավետիք  Վարդանյան / հավաքականների  համար սկսվեց Ծաղկաձորում ` հունվարի 7 –ին: Բարենպաստ եղանակը լավ տրամադրություն է ստեղծում  և աստիճանաբար ծանրաբեռնված բացօթյա վարժանքները նպաստել են կլիմայավարժեցման փուլի հաղթահարմանը: Դրան զուգահեռ, ավելի քան 40 մարզիկներ համատեղ պարապմունքներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են  սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և օրավուր  հաղթահարում, անցնում են երկար տարածություններ: Մարզիչները  թիմերին ուղեկցում են նաև  մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից  և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին  ծառայեցնելու համար:

Հունվարի 20 –ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7 –ին մեկնարկելիք   << Թախտիի գավաթ >> անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8 – 14 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար մարզիչները թիմը համալրեն երիտասարդական  մրցումներում  հաջողությունների հասած մարզիկներով: Հուսալի են  Վաղինակ Մաթևոսյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ /  և էլի մի քանիսը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ