Ծնվել է Երևանում ՝ 1951թ․։ Դեռևս պատանի էր, բայց արդեն լեգենդներ էր լսել անվանի հնգամարտիկ Իգոր Նովիկովի մասին : Հենց նրա հիմնադրած մարզադպրոց սկսեց հաճախել, որպեսզի գնար աշխարհահռչակ հնգամարտիկի հետքերով:
Հարյուրավոր տղաներ էին հրապուրված մարզաձևով: Շատերի հետ ընկերացավ Աշոտ Կարագյանը: Բայց ավելի շատ սիրում էր սուսերով աշխատել: Մի օր էլ մարզումների ընթացքին հետևող Իգոր Նովիկովը մոտեցավ նրան ու խորհուրդ տվեց զբաղվել միայն սուսերամարտով: Օլիմպիական կրկնակի չեմպիոնի դիտարկումը ճիշտ էր, քանզի պատանին շուտ ընտելացավ մարտուղյակին, սիրեց զենքաձևը, որի շնորհիվ շրջեց աշխարհով մեկ, տարավ խոսուն հաղթանակներ, հասավ մեծ նվաճումների ու դարձավ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն սուսերամարտիկը:
Հաջողությունները շատ են ԽՍՀՄ առաջնություններում և միջազգային մրցաշարերում: Իսկ բարձրագույնը աշխարհի չեմպիոնի կրկնակի ոսկե դափնիներն են, փոխչեմպիոնի կոչումը, երկու բրոնզե մեդալները, համաշխարհային ուսանողական խաղերում նվաճած << ոսկին >> ու նաև աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը: Հապա մոսկովյան օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալները ․ ․ ․
Խոցասուսերակիր էր, բայց անհրաժեշտության պարագայում ձեռքն էր վերցնում նաև ճկասուսերը և իր հաղթանակներով նպաստում Խորհրդային Միության հավաքականի հաջողություններին : Հենց այդ մրցաձևում էլ դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Սա անակնկալ նվաճում էր նույնիսկ շատ բան տեսած մասնագետների համար: Թեև 13 տարի անփոփոխ կրել է խոցասուսերակիրների խորհրդային հավաքականի ավագի թևկապը, բայց վերջին պահին է վաստակավոր մարզիչ Լևոն Ստեփանյանի սանը փոխարինել է հիվանդացած ճկասուսերակիր Վլադիմիր Լապիցկուն: Արժանապատիվ երևանցին գերազանցելով մարզիչների սպասելիքները, մոսկովյան մարզահանդեսում նվաճած << բրոնզին >> ավելացրել է նաև << արծաթ >> ու ստացել << մարտուղյակի վագր >> փաղաքշական անունը:
Աշոտ Կարագյանը ԽՍՀՄ հավաքականին անդամագրվեց 10 տարի և գործուն սպորտին հրաժեշտ տվեց 1981թ., երբ բոլորեց նրա 30-ամյակը: Մինչ այդ աշխատանքի հրավերներ էր ստացել . . . Մոսկվայից: Մարզչական աշխատանքում դարձյալ առաջատար էր, նշանավոր մասնագետ ու պատահական չէ, որ հայորդին երկար տարիներ ղեկավարեց Մոսկվայի խոցասուսերակիրների գլխավոր հավաքականը: Անձնական սաներից շատերը դարձան աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Այնուհետև հրավիրվեց քաղաքային սպորտկոմիտե, ուր ղեկավարում է պատանեկան և երիտասարդական սպորտի բաժինը:
Ա. Կարագյանի մասին ամենուրեք գովեստով են խոսում : Չափազանց բարի, համեստ, անկաշառ, աշխատասեր, իր ընտանիքին, գործին, ընկերներին նվիրված մարդ է: Ջանք չի խնայել անշահախնդիր աջակցելու իր օգնության կարիքը զգացող մարդկանց, հատկապես ՝ հայրենակիցներին : Ասածը հաստատող բազմաթիվ օրինակներ կան:
Իտալացի մի մեծահարուստ, երիտասարդ հասակում մահացած որդու հիշատակը հավերժացնելու նպատակով, ավանդաբար անցկացնում էր նրա անվան ` ՄԱՐՏԻՆԻԻ միջազգային հուշամրցաշար: Այնտեղ հաջող նորամուտ անցկացնելուց հետո, հաջորդ տարում, Աշոտը դարձյալ վստահ հաղթանակներով իր համար եզրափակիչի ուղի հարթեց: Վճռական փուլում մրցակցին պարտվելու դիմաց Աշոտին դոլարի մի փաթեթ առաջարկեցին: Մեկ ուրիշը գուցե գայթակղվեր: Բայց արժանապատիվ հայ մարզիկը օլիմպիական հանդարտությամբ հեգնեց գումար առաջարկողին ու հեռացավ: Փոխարենը, երկրորդ տարին անընդմեջ Կարագյանը դարձավ մրցաշարի հաղթող: