Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովի անդամները աշխատանքային այց են կատարել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Նրանք ծանոթացել են 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին: Մարզահանդեսի մեկնարկին մնացել Է երկու տարի և արդեն կատարած գործերը գոհացնող են:
Կազմակերպիչների համար կարևորվում է խաղերի օպտիմալացումը՝ ներկայիս տնտեսական իրավիճակին համապատասխան: Նրանք ղեկավարվում են ՄՕԿ –ի «Օլիմպիական - օրակարգ 2020» - ի առաջարկություններով: Դրանք առանցքային են լինելու «Փարիզ 2024 » - ի հաջող կայացման գործում:
Կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն շնորհակալություն է հայտնել համակարգող հանձնաժողովի անդամներին՝ աջակցության, առաջնորդության և համագործակցության համար:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ միջոցառումն ունի 80% հանրային աջակցություն, քանզի ֆրանսիացիները խանդավառ են այդ եզակի նախագծի համար: Օլիմպիական ծրագրերի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը և ստեղծված « Փարիզ- 2024 » ակումբն արդեն ունի ավելի քան 800,000 անդամ:
Կազմկոմիտեն հատկապես կարևորում է դպրոցականներին օրական 30 րոպե ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու խրախուսման արշավը: Ֆրանսիական դպրոցների մեկ երրորդն արդեն դարձել է այդ ծրագրի մասնակից։
Մեծ առաջընթաց է գրանցվել նաև կոմերցիոն գործընկերության ռազմավարությունում: Արդեն հաստատված են 20 տեղական գործընկերներ:
Աշխատանքային խմբի անդամները այցելել են օլիմպիական գյուղ, որը խաղերի ընթացքում կկարողանա ընդունել մինչև 14250 մարզիկների և թիմերի: Ստուգատեսի ավարտից հետո այն կդառնա բնակելի տարածք՝ շուրջ 2800 բնակարաններով, ժամանցի, առևտրային, հասարակական և կրթական համալիրներով:
Հանձնաժողովի հաջորդ կանգառը եղել է Սեն-Դենիի ջրային մարզաձևերի կենտրոնը, որտեղ նույնպես նկատելի է առաջընթացը: Այնտեղ խաղերից հետո ոչ միայն լողավազան է լինելու, այլև դառնալու է բազմասպորտային հաստատություն, որը կներառի ֆիթնես կենտրոն, մագլցման պատ, սքեյթպարկ, մարզահրապարակներ . . .
Առաջիկա շաբաթվա ընթացքում կմեկնարկի հյուրանոցային փաթեթների գործընթացը, իսկ տոմսերի վաճառքին առնչվող մանրամասները կհրապարակվեն դեկտեմբերին:
«Փարիզ -2024 » օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: