Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակներում, ամեն տարի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում: Դրանք առաջնորդվում են օլիմպիական կարգախոսով ՝ արագ, ուժեղ , բարձր՝ միասին:
Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջում ՀԱՕԿ –ը երեկ հանդիսավոր արարողություն անցկացրեց: Այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այդ առթիվ մայրաքաղաքի 12 համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներով համալրված վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի և ֆուտբոլի թիմերի մասնակցությամբ մրցաշար տեղի ունեցավ: Յուրատեսակ այդ մրցումներում ներգրավված էին մայրաքաղաքի 48 թիմեր:
Մրցավարտից հետո մասնակիցներին ողջունեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
<< Սիրելի երեխաներ, հարգելի ներկաներ, մասնակիցներ: Այսօր ամռան առաջին օրն է ` հունիսի մեկը և բոլորիս տրամադրությունը բարձր է: Չէ որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է , այսինքն ձեր տոնն է:
Օլիմպիզմի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության, խաղաղության, առողջության, ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայանակացման գաղափարները:
Այս անգամ մեր նախաձեռնությունը ավելի քան հաճելի է, քանզի միջոցառմանը մասնակցում են 13 - 14 տարեկան տղաներ և աղջիկներ:
Մարզաձևերի ընտրությունը պատահական չէ: Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ նշած ձևերը ներառում են նաև շատ մարզաձևերին բնորոշ որակներ ու տարրեր: Բացի այդ, նպատակ կա օգնել մեզանում գործող ֆեդերացիաներին՝ օժտված տղաներ և աղջիկներ հայտնաբերելու, նրանց համար սպորտային ուղի հարթելու գործին:
Այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակներին է ուղղված: Ձեր շարքերում տեսնում ենք ապագա օլիմպիակաների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների: Դուք պետք է շարունակեք միջազգային մրցումներում վեր պարզել հայոց եռագույնը և հնչեցնել մեր օրհներգը:
Շնորհավորում եմ օրվա առթիվ: Մենք` ավագներս, ամեն կերպ փորձում ենք նպաստել աճող սերնդի ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական ունակությունների զարգացմանը>>:
Միջոցառմանը ներկա էին նաև նշանավոր մարզիկներ, ՀԱՕԿ –ի գործկոմի անդամներ, հայրենական սպորտի պետական և հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզասերներ, շատերը:
Ապա սկսվեց պարգևատրության հաճելի արարողությունը :
Մրցանակակիրները պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի հավաստագրերով, մեդալներով, իսկ հաղթողները՝ նաև հեծանիվներով:
Աղջիկների վոլեյբոլի մրցաշարի եռյակում տեղ գտան հաջորդաբար Մալաթիա - Սեբաստիա, Ավան, Շենգավիթ համայնքների թիմերը, հանդբոլիստուհիներինը՝ Դավթաշենի, Շենգավիթի, Նոր Նորքի ներկայացուցիչները:
Տղաների ֆուտբոլի և բասկետբոլի մրցանակային եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. Նորք- Մարաշ, Դավթաշեն, Ավան և Մալաթիա –Սեբաստիա, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջաններ:
Պարգևատրությունը կատարեցին ՀԱՕԿ նախագահը, ինչպես նաև անցյալի և ներկայի նշանավոր մարզիկները: