ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

17:47 - 13 Ապր, 2023

Վաղը՝ ապրիլի 14 –ին, երեկոյան ժամը 20. 30 –ին, մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսվի Եվրոպայի ծանրամարտի հերթական առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Այդ կապակցությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,  Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ ամեն բան արվել է միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Դա կնպաստի մեր երկրի մարզական հեղինակությունը բարձրացնելու գործին:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆիտտին իր խոսքում ասաց, որ կազմակերպական առումով տանտերերը գերազանցել են սպասելիքները: Բնական է, որ ստեղծված լավ պայմաններում մրցակցությունը չափազանց սուր կլինի, մանավանդ, որ երևանյան մրցաբեմը հանդիսանում է 2024թ. օլիմպիական խաղերի որակավորման փուլերից մեկը:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավար  Մուհամեդ Ջալուդը ընդգծեց, որ առաջին անգամ է լինում Հայաստանում և  հիացած է ջերմ հյուրընկալությամբ: Նա տպավորված է ՀՀ կառավարության կատարած նախապատրաստական աշխատանքներով և մարզաձևի նկատմամբ դրսևորած հոգատարությամբ:

Ջալուդը նաև նշեց, որ Հայաստանի ծանրամարտի դպրոցը լավագույններից է աշխարհում և կարծում է, որ այստեղ հաջողությամբ կանցկացվի եվրոպական ստուգատեսը: Նա խոստովանեց, որ կնպաստի  հայոց մայրաքաղաքում 2024թ. աշխարհի առաջնությունը անցկացնելու գործին: Ի դեպ, նշած ստուգատեսի կազմակերպմանը հավակնում են նաև Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան և Պերուն:

Ասուլիսում ելույթ ունեցավ նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նա ասաց, որ հայ մարզասերը, սովորույթի ուժով, մեդալներ է ակնկալում տանտերերից: Այդ անելը հայ ծանրորդների ուժերից վեր գործ չէ:

Մշտական ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների նախապատրաստական աշխատանքները, որոնք ընթացել են նախապես կազմած ծրագրին համապատասխան: 

 

 

Այլ նորություններ