Այսօր Օլիմպավանում լրագրողների հետ հանդիպեցին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը եւ նախորդ հանդիպման լավագույն խաղացող Ալբերտ Թադեւոսյանը:
Արա Պողոսյանն ասաց, որ Ալբանիայի հետ խաղից հետո վերադարձի ճանապարհը հայ բասկետբոլիստների համար երկար եւ բարդ էր: Վերականգնվելու համար ժամանակն այդքան էլ բավարար չէ, այդ պատճառով թիմը մարզվում է հեշտացված ռեժիմով:
Դանիայի հավաքականը, որի հետ կիրակի օրը մեր ընտրանին Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական խաղ պետք է անցկացնի, հանգստի ավելի շատ ժամանակ ունի: Այսօր ուշ երեկոյան մեր հավաքականին կմիանա Քրիս Յանկուն, որն իր ակումբում էր խաղում եւ այժմ Երեւան է ժամանում:
Նիկշա Բավցեւիչ. Խորվաթ մասնագետը նշեց, որ չնայած 17 միավորի առավելությամբ տարած հաղթանակին, Ալբանիայի հետ խաղը բարդ էր, բայց իր սաները շատ վստահ խաղ ցուցադրեցին.
«Տղաները պաշտպանությունում եւ հատկապես հարձակման մեջ գրագետ էին գործում: Լուկաս Ֆիշերն ու Ռայան Բոաթրայթն առողջական խնդիրներ ունեին, բայց փայլուն հանդես եկավ Ալբերտ Թադեւոսյանը: Լավ խաղ ցուցադրեցին նաեւ Անդրանիկ Չրաբաշը եւ Անդրեյ Կոնստանտինովը:
Դանիայի հավաքականի հետ հանդիպումը խոստանում է ավելի բարդ լինել, քանի որ սկանդինավիացիները խաղային մակարդակով ալբանացիներից բարձր են: Այս թիմում 6-7 բասկետբոլիստ հանդես է գալիս Իտալիայի, Իսպանիայի եւ Իսրայելի ակումբներում:
Կիրակի օրը հաղթելու դեպքում հաջորդ փուլ անցնելու մեր հնարավորությունները կտրուկ կբարձրանան: Հաջորդ երկու հանդիպումները կանցկացնենք փետրվարին եւ հուլիսին: Ձմռանը թիմի առաջատարները պետք է կազմ ու պատրաստ լինեն, իսկ ամռանը հավաքականին, հնարավոր է, միանան ԱՄՆ-ում հանդես եկող բաստկետբոլիստները: Դանիայի հավաքականում շատ են բարձրահասակները, բայց մենք արդեն խաղացել ենք կրկին բարձահասակ խաղացողներ ունեցող Շվեդիայի թիմի հետ եւ հաղթանակ տարել»,-ասաց Բավցեւիչը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ իր տեղեկություններով դանիացիները վախենում են իրենց մոտակա մրցակցից.
«Իմ արտասահմանցի գործընկերներն ասացին, որ դանիացիները տպավորված են մեր խաղով եւ այն մթնոլորտով, որ տիրում է Հայաստանի հավաքականի տնային հանդիպումներում: Մենք հույս ունենք ստանալ մեր երկրպագուների աջակցությունը: Վաղվա խաղը շատ կարեւոր է մեզ եւ ֆեդերացիայի համար, որը շատ մեծ աշխատանք է կատարում հավաքականի համար: Մեր հաղթանակով մեր երախտագիտությունը կհայտնենք նրանց»,-ասաց Նիկշա Բավցեւիչը: