Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղեր: Հայաստանը դեռեւս մեկ ներկայացուցիչ ունի: Դահուկավազքում հանդես կգա Ստասիկ Նազարյանը:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ Փհենչհան-2018-ում երկրորդ մասնակիցն ունենալու համար:
«Ցանկանում ենք, որ Փհենչհանում հանդես գա նաեւ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նա Չեխիայում պետք է մասնակցեր վարկանիշային մրցաշարի: Սակայն, Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մեզ չընդառաջեց վիզայի հարցում: Այժմ դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, որ մեր լեռնադահուկորդին թույլ տան մասնակցել Խաղերին»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:
Ստասիկ Նազարյանի համար պարալիմպիկ խաղերին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է.
«Կփորձեմ հանդես գալ իմ հնարավորությունների սահմանում: Ցանկալի կլիներ ունենայի լավ արդյունքներ, բայց դրա համար պետք է տարվա ընթացքում ավելի շատ մարզվել ու մրցումների մասնակցել»,- նշեց մարզիկը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզահագուստ հանձնեց պարալիմպիկ պատվիրակության անդամներին, այդ թվում լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին:
«Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցում է մեր բոլոր մարզիկներին: ՀԱՕԿ նախագահի եւ օլիմպիական կոմիտեի անունից հաջողություն եմ ցանկանում Ստասիկ Նազարյանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նախնական տվյալներով Փհենչհանի պարալիմպիակ խաղերին կմասնակցեն 42 երկրի շուրջ 550 մարզիկներ: Պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը: