Հայաստանի ջրացատկորդները Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում պատրաստվում են նոր մրցաշրջանին: Փետրվարի 23-25-ը Գերմանիայի Ռոստոկ քաղաքում կկայանա ջրացատկի «Գրան Պրիի» փուլը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ այդ մրցաշարում հանդես կգան Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը:
Բայանդուրյանը եւ Հարությունյանը կմասնակցեն 10 մետր աշտարակացատկին: Վարդանը հանդես կգա նաեւ 3 մետր ոստնակացատկում, իսկ Հարությունյանը եւ Սարգսյանն ուժերը կփորձեն սինքրոն ցատկում (10 մետր):
«Ապրիլին նախատեսում ենք մասնակցել Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը (Կիեւ, ապրիլի 10-15): Անցած տարի եւս մասնակցել ենք այդ մրցաշարին: Այնտեղ տղաներն արդյունքի պատասխանատվություն չեն ունենա, եւ հանդես կգան տարբեր մրցաձեւերում: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքականին կմիանա Վլադիմիր Հարությունյանի եղբայրը՝ Ազատը, որը հանդես կգա ոստնակացատկում: Ամենայն հավանականությամբ, եղբայրներն ուժերը կփորձեն նաեւ 3 մետր սինքրոն ոստնակացատկում:
Կիեւի մրցաշարը Եվրոպայի առաջնությանը (Գլազգո, Շոտլանդիա, օգոստոսի 3-12) պատրաստվելու կարեւոր փուլ է»,-եզրափակեց Հրաչյա Չանդիրյանը: