Այսօր ՝ ապրիլի 6-ին, նշվում է սպորտի միջազգային օրը, որը սահմանել է ՄԱԿ-ը ՝ ի շահ զարգացման և խաղաղության։
Օրը պատահական չէ ընտրված, քանզի վերածնված առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը մեկնարկել է Հունաստանում, 1896թ. ապրիլի 6-ին։ Այս տարի լրանում է այդ խոշոր մարզական իրադարձության 127-ամյակը:
Այս օրը դիտվում է որպես կարևոր իրադարձություն, որը ուրվագծում է բարեկամություն, հարգանք և կարևոր այլ արժեքներ, որոնք աշխարհի միլիոնավոր և, ինչու չէ, արդեն կարող ենք ասել միլիարդավոր մարդկանց ոգեշնչում են զբաղվել առողջարարական ֆիզկուլտուրայով, մեծ սպորտով և առողջ ապրելակերպ վարել:
Սպորտը միջոց է համայն մարդկության համախմբման , ներշնչման , առաջընթացի, խաղաղության, հաշտության ու մերձեցման համար: Չէ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով, ասել է թե՝ սպորտի շնորհիվ են աշխարհամասերը միմյանց կամրջվում, որի արդյունքում հաղթահարվում են կրոնական, էթնիկական և տնտեսական արգելքները: Ասածը հաստատող որքան մեծ խորհուրդ և իմաստնություն կա ժամանակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դը Կուբերտենի ուղերձում. << Օ սպորտ, դու խաղաղություն ես . . . >>:
Սպորտը, հիրավի, հանդիսանում է որպես առողջության պահպանման միջոց: Բայց բնագավառի ձգողական ուժն այնքան մեծ է, որ մարդուն մղում է դեպի մարզական բարձունքներ:
Մեր երկիրը համարվում է սպորտային: Ասածն է հաստատում հայաստանցի մարզիկների նվաճումները օլիմպիական խաղերում , փառատոներում, աշխարհամասային մարզական խաղերում և այլուր:
Հիշենք և գնահատենք հաղթանակների գինը, արժեքը, որոնք մեծապես խթանում են սպորտի առաջընթացին և ոլորտ են ձգում մեր մանուկներին ու պատանիներին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօրվա տոնի առթիվ շնորհավորում է մարզաշխարհի բոլոր մարդկանց, ովքեր քրտնաջան աշխատում են մեր երկրում սպորտի հետագա զարգացման, այն նոր մակարդակի հասցնելու և օլիմպիզմի մաքուր ու վեհ գաղափարները քարոզելու համար: