Երեկ Երեւանում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչեւ 20) առաջնությունը: Շուրջ 100 մարզիկ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից պայքարում են մրցանակային տեղերի համար:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնեց, որ առաջնությունից հետո մարզիկները կմեկնեն Ծաղկաձոր ուսումնամարզական հավաքի (փետրվարի 15-25), որտեղ կպատրաստվեն մարտի 1-11-ը Սոչիում կայանալիք պատանիների (մինչեւ 17) եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունը պատանիների համար ընտրական կարգավիճակ ունի: 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու համար պետք է տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում: Վարկանիշ նվաճելու այլ հնարավորություն չի ընձեռվի: Այնուհետեւ Հայաստանի սուսերամարտիկները Վերոնայում (Իտալիա) կմասնակցեն նույն տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի ապրիլի 1-ին: Մինչ այդ Էդուարդ Օվիկյանը հենց այնտեղ էլ կմասնակցի ուսումնամարզական հավաքի, որն անցկացնում է սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (մարտի 25-31):
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Սերբիայի Նովի-Սադ քաղաքում (հունիսի 16-22), որում Հայաստան կներկայացնի 1-2 սուսերամարտիկ: Աշխարհի առաջնությունը կկայանա Չինաստանում` հուլիսին:
«Աշխարհամասի առաջնությունում լավ արդյունք ցույց տալու դեպքում, Չինաստան կուղարկենք մեկ մարզիկ: Մեր առաջատար սուսերամարտիկները դեռ շատ երիտասարդ են եւ նոր են մուտք գործում մեծահասակների տարիքային խումբ»,-ասաց Արտաշես Մադոյանը: