Մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի ազգային հավաքականը:
Թիմային մարզաձևերում անկախ Հայաստանը երբեք ոչ մի հաջողություն չի ունեցել: Շատերն արդեն կատակում են, որ դա հայկական մենթալիտետից է՝ միասնական չեն:
Մենք՝ ժամանակակիցներս, հայկական բասկետբոլ ասելով, մտաբերում ենք «Հատիս»-ը: Բայց ոչ թե ԽՍՀՄ տարիներին փայլուն հանդես եկողին, այլ 2009թ-ին վերածնունդ ապրող թիմին, որն իր լավ մեկնարկով ապացուցեց բոլորիս, որ միասնականության խնդիր չկա, պարզապես մարզաձևին պետք է ուշադրություն դարձնել:
2011 թվականից սկսած՝ Հայաստանի Մ16, Մ20 տարեկանների տղամարդկանց և կանանց հավաքականները սկսեցին պարբերաբար մասնակցել Եվրոպայի B , C դիվիզիոնների առաջնություններին: Այս հավաքականները հող նախապատրաստեցին ազգային ընտրանու ստեղծման համար: Մեծ դեր ունեցան նաև Համահայկական խաղերը, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ բասկետբոլիստներ, ովքեր աչքի ընկան և հետագայում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվեցին ազգային հավաքական: Վերջինս լուրջ աշխատանքներ սկսեց՝ աղջիկների և տղաների տարբեր տարիքի հավաքականների ստեղծման ուղղությամբ:
Կանչվեցին միջազգային բարձր կարգ ունեցող մարզիչներ: Ազգային ընտրանու ղեկը ստանձնեց Տիգրան Գյոկչյանը, ով կատարեց հավաքականի խաղացողների ընտրությունը: Հայաստանի ընտրանի հրավիրվեց Եվրոլիգայի լավագույն խաղացողներից մեկը՝ Բրայան Դանսթոնը, ով 2014 և 2015 թվականներին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պաշտպան:
Հրավիրված խաղացողները, մարզչի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք սկսեցին Երևանում: Հենց այդ ընթացքում էլ հնարավորություն ունեցանք ծանոթանալու թիմի անդամների հետ: Ճիշտ է՝ նրանք եկել են աշխարհի տարբեր ծայրերից, բազմալեզու են և շատ տարբեր, սակայն բոլորին միավորում է բասկետբոլը, Հայաստանը և հաղթանակի ձգտումը: Զրույցի ընթացքում տղաները նշեցին, որ հպարտ են Հայաստանի հավաքականում խաղալու համար: Գոհ են մարզչից և իսկական հաջողություն են համարում Բրայան Դանսթոնի հետ մի թիմում խաղալը: Ինպես նաև խոստացան հաղթանակով վերադառնալ:
Եթե կրքերը մի կողմ դնենք և իրատեսորեն մոտենանք, ապա կտեսնենք, որ Հայաստանի նոր կազմավորված հավաքականը հենց առաջին մրցումներում չի կարող բացահայտ ֆավորիտ լինել: Ճիշտ է՝ հավաքականը համալրված է բարձրակարգ խաղացողներով, ովքեր իրենց ակումբներում փայլում են, սակայն ժամանակ է պետք, որ թիմը դառնա մեկ բռունցք, իսկ դաշտում խաղացողներն իրար անթերի հասկանան: Հակառակ դրա՝ միջազգային մամուլում հրապարակումներ կան, որ մրցակիցները «վախենում են» Հայաստանի հավաքականից, քանի որ ուժեղ թիմ է ձևավորվել: Երբ տղաները լսեցին այդ մասին, ծիծաղելով նշեցին, որ իրենք <<վախենալու>> չեն, բայց չեն էլ պատրաստվում որևէ մեկին զիջել:
Հայաստանի հավաքականի կազմը (Պաշտպաններ` Անդրե Սպայթ Մկրտչյան` «Սան Դեվիլս» (ԱՄՆ), Ամիրան Ամիրխանով` «Լեգիոն» (Ղազախստան), Արթուր Խաչատուրյան` «Խարկով» (Ուկրաինա), Սերգեյ Պոլուխին` «Էլբրուս» (Ռուսաստան), Մայք Դանիելյան` «Բայեր 05» (Գերմանիա): Հարձակվողներ` Արտյոմ Թավաքալյա` «Հորնեթս Դելեվր» (ԱՄՆ), Միքայել Պողոսյան` «Թիել Թոմկաթս» (ԱՄՆ), Զարեհ Զարգարյան` «Դոմինգես Հիլզ» (ԱՄՆ), Անդրեյ Կոնստանտինով` «Արսենալ» Տ. (Ռուսաստան): Կենտրոնականներ` Բրայան Դանսթոն` «Անադոլու Էֆես» (Թուրքիա), Կոնստանտին Միրզոյանց` «Տամբով» (Ռուսաստան):
Եվրոպայի փոքր երկրների առաջնության մասին
Ոչ այդքան վաղ անցյալում՝ 1988 թվականին առաջին անգամ Մալթայում պաշտոնապես անցկացվեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ Իսլանդիայի հավաքականը: Վերջինս երկու անգամ է նվաճել առաջնության ոսկե մեդալը (1988, 1990): Իսկ ահա Անդորրան ամենաշատն է հաղթել այս առաջնություններում. նրա ակտիվում կա 5 ոսկե մեդալ (1998, 2000, 2004, 2012, 2014): Երկու անգամ չեմպիոններ են դարձել Ավստրիան(1992, 1996) և Ադրբեջանը (2006, 2008): Սան Մարինոն (2002), Իռլանդիան (1994) և Դանիան (2010) հաղթանակած են տուն վերադարձել մեկ անգամ:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի մասնակցում են 8 երկրներ՝ Անդորրան, Հայաստանը, Ջիբրալթարը, Իռլանդիան, Մալթան, Մոլդովան, Սան Մարինոն և Ուելսը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է «B» ենթախմբում, որտեղ կմրցի ընդունող երկրի՝ Մոլդովայի, ինչպես նաևԱնդորրայի, որն ամենատիտղոսակիր թիմն է, և Ուելսի հավաքականների հետ:
Ազգային ընտրանու առաջին հանդիպմումը կկայանա հունիսի 28-ին՝ ժամը 19:15-ին, որին կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում, ինչպես նաև ՀԱՕԿ լրատվականի պաշտոնական կայքում:
Շուշանիկ ՀԱԿԲՅԱՆ
ՀԱՕԿ լրատվության բաժին