Մրցաշրջան 2017-ը Լողի հայկական դաշնության համար հաջող էր: Մեր լողորդները պատշաճ մակարդակով մասնակցել են աշխարհի առաջնություններին՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ:
«Մարզական արդյունքների առումով լուրջ ձեռքբերում են Անի Պողոսյանի եւ Արթուր Բարսեղյանի նվաճած՝ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը, Արթուր Բարսեղյանի՝ աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրած միջազգային կարգի սպորտի վարպետի ու եւս վեց լողորդի սպորտի վարպետի նորմաները: Մեր լողորդների միջազգային մեկնարկները դեռ շատ չեն, սակայն անում ենք ամեն բան ավելիին հասնելու համար: Ընդ որում, շեշտը դնում ենք պատանիների ու երիտասարդների վրա: Նրանք այս տարի մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարի, իսկ Վրաստանից եւ Իրանից տուն վերադարձել շուրջ 100 մեդալով: Պատահական չէ, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը համալրվում է գերազանցապես պատանիներով ու երիտասարդներով:
Վարպետության բարձրացմանը զուգընթաց մեծ կարեւորություն ենք տալիս լողի մասսայականացմանը հանրապետությունում, առանց որի հեռանկար չկա: Շնորհիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարության եւ աջակցության, լողը Հայաստանում ընդգրկում է նոր տարածաշրջաններ: Այս ամռանն Իջեւան քաղաքում նոր լողավազան բացեցինք, ինչի արդյունքում Իջեւանը հանրապետության պատանեկան առաջնություններին ու մյուս մրցումներին առաջին անգամ մասնակցել է առանձին թիմով: Հիմա անգործության մատնված երկրորդ լողավազանն ենք հիմնանորոգում Հրազդան քաղաքում: Առանց շտապելու շարժվում ենք առաջ՝ վստահ լինելով, որ Հայաստանում լողը նույնպես հենակետային մարզաձեւ կդառնա», - ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
ԼՀԴ նախագահը խոսեց նաեւ 2018 թ. ծրագրերի մասին.
«Եկող տարվա օրացուցային պլանն ավելի հագեցած է լինելու: Պատանի լողորդները Հելսինկիում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը, մեծահասակները Գլազգոյում հանդես կգան մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Իսկ պատանեկան օլիմպիական խաղերը Բուենոս Այրեսում կլինի գլխավոր մեկնարկը: Այս երեք մրցումներում մեկնարկելու են մեր լավագույն լողորդները, իսկ մյուսները կշարունակեն հանդես գալ միջազգային մրցաշարերում, մինչեւ իրենք էլ համապատասխան մակարդակի կհասնեն:
Մեզ հատկացվող աջակցության գումարները համեստ են: Բայց չենք տրտնջում: Դրանք օգտագործում ենք խիստ նպատակային: Ինքներս էլ փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում բացը ինչ-որ չափով լրացնել: Մրցումներ շատ կան, բայց ընտրում ենք նրանք, որոնք օգտակար կլինեն մեր լողորդներին, կնպաստեն Հայաստանում լողի զարգացման դրական աճին:
Այսօր Հայաստանում լողով արդեն զբաղվում է շուրջ 3000 պատանի: Դա նաեւ նոր լողավազանների շահագործման արդյունք է: Եկող տարի շարունակելու ենք մեր կարեւորագույն ծրագրերից մեկը՝ մարզաձեւը մարզերում զարգացնելը: Դրա համար 2018 թվականին պլանավորել ենք, օրինակ, Վանաձորում ավանդաբար կազմակերպվող «Ուրախ դելֆին» պատանիների մրցման տարիքային փուլերը բաշխել այլ մարզերի ու քաղաքների վրա, որտեղ լողավազան կա: «Ուրախ դելֆին» մրցման փուլերից մեկն անպայման կանցկացվի Իջեւանում, մյուսները՝ Գյումրիում, Հրազդանում, երբ կշահագործենք այնտեղի լողավազանը: Ի դեպ, Իջեւանի լողի ՄՊՄԴ-ում լողավազանից բացի գործում է նաեւ լավ կահավորված հյուրանոց, խաղադաշտ, վարժասարքերի սրահ: Այնտեղ մյուս մարզաձեւերն էլ կարող են ուսումնամարզական հավաքներ անցկացնել», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը: