Հունվարի 14 –ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում կանոէ և բայդարկա մարզաձևերի երեքական մարզիկներ: Պարապմունքները ղեկավարում են հավաքականի մարզիչներ, երևանցի Մարտին Շահվալադյանը / բայդարկա/ և սևանցի Ավետիք Մալխասյանը / կանոէ /:
Ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավելու նպատակով է կազմակերպվել հավաքը: Տղաներն օրեկան մասնակցում են երեք մարզման: Նրանք զբաղվում են դահուկավազքով, լողով, աշխատում են մարզոցներով, վարժասարքերով: Ձյան վրա և լողավազանում նաև թիավարների շարժումներին նմանակող, մոտեցնող հատուկ վարժություններ են կատարում:
Կանոիստների համար մրցաշրջանում առաջնայինը Մինսկում հունիսին անցկացվելիք եվրոպական մարզական երկրորդ խաղերում լավ հանդես գալն է: Տղաներն այնտեղ կմրցեն 1000 մետր ջրուղում: Բացի այդ նրանք բայդարկավարների հետ հանդես կգան Հունգարիայում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ կվիճարկվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Թիավարների ուսումնամարզական ծաղկաձորյան հավաքը կավարտվի հունվարի 31 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին