Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.
«Կանոնների փոփոխությունները ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաեւ քաշային կարգերն են շատ հարմար:
Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարեւորը՝ ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը եւ դեռ չի հասցրել լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա՝ նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.
«Իմ տվյալներով յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ: Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաեւ ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետեւում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:
Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշեց ըմբիշը:
Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմնասկացի Հայաստանի առաջնությանը եւ կփորձի ընդգրկվել ազգային հավաքական: