Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լեւոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Լեւոն Հայրապետյանը նշում է, որ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010 թվականին.
«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կածում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը եւս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաեւ մրցավարի հետ:
Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսեւորել ընթացիկ տարում: Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում Մխիթարյանն ավելի մեծ կամք դրսեւորեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Լեւոն Հայրապետյանը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը եւ Գրիգոր Մխիթարյանը: Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանն էլ՝ բրոնզե: