Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում, նոյեմբերի 18 -ին, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալեց Ուելսի ընտրանուն:
Հանրապետական մարզադաշտի տրիբունաները ծանրաբեռնած ֆուտբոլասերները ականատես եղան հիրավի լարված և անզիջում պայքարի:
Խաղային առումով տանտերերը, ենթադրում ենք, արդարացրին սպասելիքները: Գրանցվեց 1 : 1 հաշիվը, բայց . . . երկու գոլն էլ հեղինակեցին դաշտի տերերը:
Չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը: Դեռևս հանդիպման հինգերորդ րոպեին նա, մրցակիցների համար անակնկալ, կտրուկ շրջադարձով գնդակը մխրճեց ուելսցիների դարպասը:
Ընդմիջման գնալուց առաջ, լրացուցիչ ժամանակում, նվիրական խաղով աչքի ընկած Նաիր Տիկնիզյանը, դեպի սեփական դարպասը սլացող գնդակի ճանապարհը փակելու նպատակով, ցատկեց ու . . . դարձավ ինքնագոլի հեղինակ: Փաստի համար ծանր, արցունքոտ ապրումներ ունեցավ Նաիրը:
Երկրորդ խաղակեսում դաշտում տնօրինում էին տանտերերը: Գրագետ, մամլիչ խաղաոճով, մերոնք բարձրահասակ մրցակիցներին զրկեցին վտանգավոր գործողություններ կիրառելուց: Փոխարենը, երևի թե 10 - 15 անգամ գոլային հարվածներ կատարեցին: Բայց գնդակը մեր տղաների կամքին չէր ենթարկվում և սուրալով անցնում էր դարպասաձողերի կողքով:
Վաղը ՝ նոյեմբերի 21 –ին, ՀՀ ազգային հավաքականը Խորվաթիայում, ընտրականի ծրագրով, կմրցի տեղի թիմի հետ: