ՏԵՍՆԵԼՈՒ, ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

12:27 - 19 Հուն, 2024

Մայրաքաղաքի << Դինամո >>  մարզադահլիճում  վաղվանից ռինգ կելնեն  Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները վիճարկող  բռնցքամարտիկները:

Մեզ համար անակնկալ է  նման ստուգատեսը, երբ  մրցումների բոլոր օրերին ժամը 13. 00 –ից / ցերեկային  մրցահերթ /  կմենամարտեն մեծահասակները, իսկ  16. 00 –ից  / երեկոյան մրցահերթ/՝    երիտասարդները: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք ` առանց բարիքի: Մասնագետների, ինչու չէ, նաև հանդիսականների համար,  լավ առիթ է  հետևել մրցումների ընթացքին, համեմատություններ անել, եզրահանգումների գալ  և ընդհանուր կարծիք կազմել  ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների   թեկնածուների  վարպետության աստիճանի  ու հերթափոխի մասին: Պարզ  կդառնա նաև թե ովքեր են համալրելու մեր գլխավոր թիմը:

Ամեն բանից անկախ, ռինգում դիտարժան մենամարտեր կծավալվեն: Մեծահասակները ցանկություն կունենան հաստատել իրենց տեղը առաջին թիմում, մասնակցել  վարկանիշային մրցումների և նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր: Ինչ վերաբերում է երիտասարդներին , ապա նրանք իրենց համար պետք է ճանապարհ հարթեն դեպի ազգային հավաքական, և, բացի այդ,  ընտրյալների կազմում դառնան աշխարհի և Եվրոպայի երիտասարդական ստուգատեսների մասնակից:

Հուսանք, որ  ընդհանուր թվով  շուրջ  250  բռնցքամարտիկների մենամարտերը կարդարացնեն  մասնագետների, մարզասերների և, իհարկե, մասնակիցների հույսերը:

Եզրափակիչ  մենամարտերը  նշանակված են հունվարի 25 –ին:

Այլ նորություններ