Ավելի քան 650 հնգամարտիկներ նամակ են հղել իրենց մարզաձևի միջազգային միություն (UIPM): Նրանք կազմակերպության ղեկավարներից պահանջում են հրաժարական տալ։
Միությունում մտադիր են 2028թ. ամառային օլիմպիական խաղերի ծրագրից հանել ձիասպորտը: Որոշումը կայացվել է Տոկիոյի ստուգատեսում Գերամանիայի հավաքականի մարզչի՝ ձիու նկատմամբ ցույց տված դաժան վերաբերմունքի համար:
Հնգամարտիկները կարծում են, որ նման որոշումը խախտում է մարզաձեւի դարավոր ավանդույթները և անվստահության քվե են հայտնել նախագահին և ողջ անձնակազմին: Նամակում ասվում է, որ Բարոն Պիեռ դե Կուբերտենը ժամանակակից հնգամարտը ստեղծել է հատուկ օլիմպիական խաղերի համար՝ ցույց տալու մարզիկների բազմակողմանիությունը: Առանց մարզիկների և ազգային ֆեդերացիաների հետ խորհրդակցելու, գործկոմը նման որոշումով ոչնչացնում է ժամանակակից հնգամարտի 109 տարվա պատմությունը:
Մարզիկները պահանջում են UIPM-ի նախագահ, գերմանացի Կլաուս Շորմանի հրաժարականը, ով պաշտոնավարում է 28 տարի:
UIPM-ի 71-րդ համագումարը նախատեսված է նոյեմբերի 27-28-ը, որտեղ պետք է տեղի ունենան նաև ընտրություններ: Շորմանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է։