Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մեծահասակների մրցաշարում սա Ստեփանյանի առաջին մեդալն է։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը գերազանց է գնահատում իր սանի մրցելույթները.
«Շատ գոհ եմ Էդգարից։ Անչափ կարեւոր ու թանկ միավորներ վաստակեցինք՝ մոտ 450, ավելի հստակ պարզ կլինի հաջորդ շաբաթ։ Սա նշանակում է, որ Ստեփանյանը կբարելավի դիրքը վարկանիշային աղյուսակում։
Բավականին ուժեղ մրցաշար էր, որին մասնակցում էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները, օլիմիպիական խաղերի մասնակիցներ։ Էդգարը մեծահասակների հետ պայքարեց հավասարը հավասարի հետ։ Նորից կասեմ՝ նա մարտիկ է, մինչեւ վերջ պայքարող։ Էդգարը սիրում է նոր մարտահրավերներ եւ պատվով է կատարում դրանք։ Ինձ համար ուղղակի հաճույք է նրա հետ աշխատելը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լեհաստանից ասաց Արմեն Գյոզալյանը։
Մարզիչը նշեց, որ Էդգար Ստեփանյանի արծաթե մեդալն առաջինն է նաեւ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեծահասակների մրցաշարում։
Էդգար Ստեփանյանի գլխավոր նպատակը 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելն է ու օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը։