Դորտմունդում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ մտան Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ) :
Մեր ըմբիշներին այսօր չհաջողվեց մեդալներ նվաճել: Հախոյանը հնարավորություն ուներ պայքարել բրոնզի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջեց ռումինացի Ռազվան Առնաուտին:
Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):