«Երրորդ տեղի համար գոտեմարտը շատ ճիշտ դասավորվեց: Մարզիչների հետ նոր պլան էինք մշակել, քանի որ Թուրքիայում կայացած մրցաշարում նույն մրցակցին պարտվել էի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը.
«Մասնակցում էինք հաղթելու համար: Բայց բրոնզն էլ է ուրախալի, քանի որ երկար ժամանակ չէր հաջողվում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Այդ առիթով շատ ուրախ եմ իմ եւ տղաների համար:
Առաջնությանը լավ պատրաստվել էի, ճանաչում էի բոլոր մրցակիցներիս եւ գիտեի` իմ քաշային կարգում չկա այնպիսի ըմբիշ, որին չկարողանամ հաղթել: Նույն սկզբունքով գոտեմարտում էի:
Սակայն, կիսաեզրափակիչ փուլը չստացվեց ռուս ըմբիշի հետ եւ երկրորդ անգամ չկարողացա հաղթել նրան: Գոտեմարտելու ընթացքում ես զգում եմ, որ կարող եմ ավելին, բայց այս անգամ տակտիկապես մի փոքր սխալվեցի: Հավաքների ընթացքում կշտկեմ, իսկ արդյունքը ցույց կտա աշխարհի առաջնությունը»,- նշեց Վալոդյա Ֆրանգուլյանը: