Փարիզի օլիմպիական խաղերի գործընկերներից մեկը ՝ Airbnb ընկերությունը մարզասերներին հնարավորություն է տալիս առաջիկա հուլիսի 26 –ին, մեկ օր գիշերել ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենի մանկության տանը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ: Մեկ տարի հետո, հենց այդ օրը ՝ հուլիսի 26 –ին է տեղի ունենալու ամառային 33 –րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
16-րդ դարի այդ կառույցը հիմնովին վերանորոգվել է: Այնտեղ է երիտասարդ Կուբերտենի մոտ սեր արթնացել սպորտի նկատմամբ, ինչը ոգեշնչել է նրան՝ վերակենդանացնել հնագույն օլիմպիական խաղերը:
Հյուրերը կկարողանան մնալ Կուբերտենի մասնավոր աշխատասենյակում, դիտել պատմական փաստաթղթերի պաշտոնական պատճեները. Կուբերտենի 1892թ. օլիմպիական մանիֆեստը, օլիմպիական օղակների էսքիզի բնօրինակը, 1900թ. Փարիզի խաղերի պաշտոնական առաջին տոմսը և այլն: Նրանք կստանան նաև հուշանվերներ ՄՕԿ-ի նոր հավաքածուից. շապիկներ, բանալիների շղթաներ, մագնիսներ, մատիտներ, պայուսակ, նոթատետր, բաժակ և այլն: