Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է բոլորին՝ մեծահասակներին, երիտասարդներին եւ պատանիներին, ընդհանուր առմամբ՝ 19 հոգի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը մեկ անգամ եւս հաստատեց Հայաստանի առաջնության օրերին արած հայտարարությունն այն մասին, որ 2017 թվականին ավելի շատ ուշադրություն դարձվելու է երիտասարդներին ու պատանիներին:
«Հետօլիմպիական առաջին տարին է՝ հարաբերականորեն հանգիստ: Այս ժամանակահատվածն օգտագորում ենք երիտասարդների հետ լուրջ աշխատելու նպատակով, որպեսզի հավաքականում սերնդափոխությունը սահուն ընթանա: Հղկում ենք վարժությունների կատարման տեխնիկան եւ տակտիկան, բարձրացնում ֆիզպատրաստվածության մակարդակը:
Հավաքականի հիմնական անդամները նախապատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ երիտասարդներն ու պատանիները՝ տարվա ընթացքում իրենց տարիքային խմբերի միջազգային մրցումներին: Դրանցում նրանք պետք է մրցափորձ ու վարպետություն ձեռք բերեն», - ասաց մարզիչը:
Մրցաշրջան 2017-ում Եվրոպայի առաջնությունից հետո մեծահասակների երկրորդ գլխավոր մեկնարկը նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Երիտասարդները հունիսին հանդես կգան ուսանողական խաղերում, հոկտեմբերին՝ Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունում: Իսկ պատանիներն իրենց կարողությունները կստուգեն սեպտեմբերին՝ Եվրոպայի առաջնությունում:
Մեր աղջնակները չեն մեկնի Թաիլանդ, որտեղ անցկացվելու է պատանիների աշխարհի առաջնությունը, որովհետեւ Արտաշես Ներսիսյանն առայժմ չի տեսնում այս տարիքային խմբի այնպիսի մարզուհու, որը կարողանա մեդալի համար պայքարել: