Հայ հեծանվորդները պատրաստվում են մրցաշրջան 2017-ին

17:46 - 20 Փետ, 2017

«Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.

«Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի  հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ:

Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշեց մարզիչը:

Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները:

Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017/2018թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը:

«2018 թվականին կմասնակցենք աշխարհի գավաթի ևս երկու փուլերի, որոնք ինչպես նաև Եվրոպայի առաջնությունը, 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշային մրցումներ են: Առաջնության անցկացման վայրը դեռ որոշված չէ»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

 

Այլ նորություններ