Ռուսաստանցի Ումար Կրեմլյովը ձայների 57,3 տոկոսով ընտրվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / AIBA / նախագահ։
Քվեարկությունը տեղի է ունեցել կազմակերպության առցանց համագումարում։
Կրեմլյովը 38 տարեկան է: Նա 2017 թվականից Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է և մարզաձևի Եվրոպայի կոնֆեդերացիայի / EUBC / առաջին փոխնախագահը:
Ընտրվելուց հետո նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել , որ բռնցքամարտի համայնքի հետ միասին կկարողանան իրականացնել բարեփոխումներ ու հնարավորինս սեղմ ժամկետում վերադարձնել կազմակերպության նախկին հեղինակությունն ու վստահությունը։
Որպես առաջնահերթություն առաջիկա ամիսների ընթացքում կմարվեն AIBA- ի պարտքերը։ Նախատեսվում է երկու տարվա ընթացքում բյուջեն ավելացնել 50 միլիոն դոլարով՝ AIBA- ի վերականգնման ու զարգացման համար, ինչպես նաև որոշ քանակի Ֆինանս տրամադրել ազգային ֆեդերացիաներին։ Աշխարհամասերում կստեղծվեն բռնցքամարտի ակադեմիաներ ` մարզիկներ, մարզիչներ և մրցավարներ պատրաստելու համար:
Կրեմլյովը վստահ է, որ հնարավոր է ուղի հարթել ՄՕԿ –ում AIBA- ի կարգավիճակը վերականգնելու և Փարիզում 2024 թ. կայանալիք օլիմպիական խաղերի համար: